Պերուն Վենեսուելայի հետ այցագրային ռեժիմ է սահմանում միգրանտների մեծ հոսքի պատճառով
Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով: Հունիսի 6-ին այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մարտին Վիսկառան։
«Մենք անվտանգ եւ կարգավորված միգրացիա ենք ցանկանում: Այն այդպիսին կարող է լինել սոսկ Վենեսուելայի քաղաքացիների մուտքի լավագույն վերահսկողության դեպքում: Ուստի հունիսի 15-ից երկիր կարող են ժամանել միայն անձնագրով եւ համապատասխան այցագրով վենեսուելացիները»,- մեջբերում է նրա խոսքը El Comercio թերթը: Պերու մուտքի համար հարեւան երկրի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի ստանալ հումանիտար այցագիր հանրապետության հյուպատոսություններից մեկում:
Պերուի միգրացիոն ծառայության տվյալներով՝ Բոլիվարյան Հանրապետությունում ծայր առած ճգնաժամի ընթացքում երկիր է ժամանել 800 հազար վենեսուելացի:
Վերջին տարիներին Վենեսուելան սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է գերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի պակասով: Ծանր իրավիճակը շատ վենեսուելացիների հարկադրում է հեռանալ հայրենիքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: