«Մենք երաշխավորում ենք, որ Իրանը երբեք չի ունենա ատոմային զենք». Փոմպեո
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է հունիսի 3-ին հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Rheinische Post գերմանական թերթին:
«Մենք երաշխավորում ենք, որ Իրանը երբեք չի ունենա ատոմային զենք: Մենք պատրաստ ենք Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել, եթե նա պատրաստ կլինի երաշխավորել, որ այնտեղ հնարավորություններ չեն ստեղծվի ատոմային զենք արտադրելու համար, ինչն սպառնալիք է խաղաղության համար»,-ասել է Փոմպեոն:
Ինչ վերաբերում է 2015 թվականին Իրանի հետ կնքված գործարքին, ապա պետքարտուղարն ասել է, որ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, այն «ուղղակիորեն» տանում է Իրանի կողմից միջուկային զենքի տիրանալուն: «Ես նույնպես լիովին այդպես եմ կարծում: Դա չի կարելի ընդունել, դրա համար էլ մենք դուրս եկանք գործարքից»,-նշել է Փոմպեոն:
«Բացի այդ, մենք չենք կարող աչք փակել այն բանի վրա, որ Իրանից նաեւ ուրիշ սպառնալիքներ են գալիս՝ անմիջականորեն Գերմանիա, Եվրոպայի կենտրոն: Իրանական հրթիռային ծրագիրը զարգանում է, Իրանն աշխարհում ամենուրեք տեղաբաշխում է «Հըզբոլլահ» շարժման անդամներին, գրոհներ է իրականացնում Եվրոպայում»,-պնդել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Նրա խոսքով՝ «միջուկային գործարքն այդ առումով ոչինչ չփոխեց»: Փոմպեոն հույս ունի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի կստիպեն փոխել իր քաղաքական ուղեգիծը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջը: «Մենք սպասում ենք, որ Իրանը դա կանի: Նախագահ Թրամփը շատ անգամ Է ասել այդ մասին, որ եթե Իրանը պատրաստ լինի, ապա մենք եւս պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,-ասել է Փոմպեոն:
Նրա կարծիքով՝ պատժամիջոցները նաեւ հանգեցրել են այն բանին, որ այն ուժերը, որոնք աջակցում են Իրանին, անհամեմատ ավելի քիչ ռազմական միջոցներ ունեն, քան ավելի վաղ: «(Իրանի) ռեսուրսներն ավելի ու ավելի են նվազում»,- հավելել է նա: