«Դուշանբեում ոտքի վրա ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը չի կարող տևական և կայուն լինել, և մեզ շատ արագ պետք է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին»

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

 – Պարոն Բաբաջանյան, ԵԱՀՄ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, այսինքն՝ փորձ է արվում հավասարեցնե՞լ Արցախի ու ադրբեջանական համայնքի կագավիճակները:

– Կարծում եմ, որ փորձ է արվում բերել հակամարտության կարգավորման գործընթացն այն ձևաչափին, որ ունեինք 1993թ. վերջից մինչև 1997 թվականը, երբ Ադրբեջանն իր պատվիրակության կազմում մշտապես ներառում էր ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ՝ որպես պատասխան Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակ ուղղակի մասնակցության:

Եվ կարծում եմ՝ այս գործընթացը, որ սկիզբ է դրվել հայկական կողմի անցած տարի հայտարարված մոտեցման, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորումն առաջ մղել, Մինսկի խումբը փորձում է ձևեր գտնել, որ հնարավոր լինի հաստատել երկուստեք ընդունելի մի ձևաչափ՝ սեղանին դրված առաջարկները քննարկելու և կարգավորման գործընթացն առաջ մղելու տեսանկյունից արդյունավետություն ապահովելու համար, որովհետև այս պահին մինչ այս ձևաչափը չամրագրվի, հնարավոր չէ արդյունավետ համարել կարգավորման գործընթացը:

Չեմ կարծում, որ պարիտետ դնելու խնդիր կա: Հավասարության հարց չկա, չի եղել նաև 1993-97 թթ., երբ ադրբեջանական համայնքը մասնակցում էր հանդիպումներին Ադրբեջանի պատվիրակության կազմում, իսկ ԼՂ-ն մասնակցում էր՝ որպես առանձին սուբյեկտ: Մենք միշտ հղում ենք Բուդապեշտյան հռչակագրին, որտեղ Արցախն իրավաբանական կողմ է ներկայացված, և չեմ կարծում, որ հայկական կողմը թույլ կտա, որ Արցախն այժմ հայկական պատվիրակության մեջ դիտարկվի:

– Զոհերի հետ կապված իրավիճակն է սրվել, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հայտարարեց, թե հայկական գնդակից զոհ ունեն, բայց Պաշտպանության բանակը հերքեց դա, իսկ այսօր հայկական կողմը զոհ ունի:

– Սա ամենամտահոգիչն է, սա է, որ մենք՝ որպես նաև քաղաքական ընդդիմություն, պահանջում ենք նախ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գործնական կոնկրետ քայլեր հումանիտար և անվտանգային հարցերի վերաբերյալ», որ տեղ է գտնել ՄԽ համանախագահնների հայտարարության մեջ և որն ուղեկցվում է այսպիսի մահաբեր միջադեպով հայկական  կողմից, և, ըստ էության, ադրբեջանցիներն իրենք իրենց այս գործողությունը հիմնավորում են սուտ տեղեկությամբ, որ հայկական կողմը զոհ է առաջացրել, և իրենք պատասխանել են այդ քայլով: Սա ամենաանընդունելին է և վերստին գալիս է հաստատելու, որ Դուշանբեում ոտքի վրա ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը չի կարող տևական և կայուն լինել, և մեզ շատ արագ պետք է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում և դիտարկողների թվաքանակի ավելացում է ենթադրվում, որը կկայունացնի իրավիճակը, նաև հրադադարի խախտման դեպքերը բացահայտող մեխանիզմները թույլ չեն տա նոր դեպքերի կրկնություն: Սա չափազանց կարևոր է և հենց սա պետք է լինի օրակարգում, ոչ թե այն հույսը, որ մենք տեսանք վերջին հայտարարության մեջ՝ հումանիտար քայլերի հետ կապված:

– Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ այդ կոնկրետ քայլերը կքննարկվեն արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ:

– Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ մինչև ԱՄՆ-ի հովանավորությամբ առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը հայկական կողմը միջազգային հանրության հետ հստակեցնի իր գործողությունները՝ սպանություններով և ահաբեկչական հայտարարություններով ուղեկցվող այս խորը անվստահության պայմաններում՝ բացառելով որևէ բանակցություն, քննարկում և հանդիպում պաշտոնական Բաքվի հետ։

Տեսանյութեր

Լրահոս