Բաժիններ՝

«Կինս իմ նկարած գանգուր աղջիկն էր». Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան

Ես ծնվեցի…

-Ծնվել եմ 1974 թվականի նոյեմբերի 26-ին: Հայրս արհեստավոր է, մայրս՝ գծագրող: Ընտանիքում առաջնեկը ես եմ և ունեմ ինձնից երեք տարի փոքր քույր: Մանկությանս դրվագներից հիշել, թերևս, դժվարանում եմ, բայց այն, որ եղել եմ չարաճճի երեխա և հարևանների այգու ծառերից գողացել եմ ցոգոլներ, դա շա՜տ լավ եմ հիշում (ժպտում է): Մանուկ հասակում երազել եմ հեծանիվ ունենալ և այնքան խնամքով էի վերաբերվում հեծանիվիս, որ կողքից նայողին զարմանալի կարող էր թվալ իմ այդչափ ուշադրությունը: Շատ եմ սիրել կենդանիներ. պահել եմ ձկներ, լոր, շուն: Ու մինչ օրս էլ փորձում եմ այնպես անել, որ այդ սերը երեխաներիս մեջ էլ առաջացնեմ կենդանիների հանդեպ:

Հաճախել եմ թիվ 143 միջնակարգ դպրոց, այնուհետև սովորել և ավարտել եմ թիվ 181 դպրոցը: 1991 թվականին ընդունվել եմ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, այնուհետև ուսանել եմ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Մեկ տարի աշխատել եմ Արարատյան Հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, որից հետո՝ 1999 թվականին, ձեռնադրվել եմ քահանա և նշանակվել Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր: 2004 թվականի հոկտեմբերից  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ նշանակվեցի Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և մինչ օրս Աստծո ողորմությամբ այստեղ ծառայում եմ և փորձում այս փոքրիկ դրախտավայրը շեն պահել:

Ընտանիք կազմելու իմ որոշումը…

Ես միշտ երազել եմ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին, ովքեր պիտի լինեն իմ տոհմածառի շարունակողները: Աստծո ողորմությամբ օրերից մի օր հանդիպեցի կնոջս: Հետաքրքրական է այն փաստը, որ կինս ապրել է մեր հարակից փողոցում, փոքր ժամանակ բազմիցս նույն վայրում խաղացել ենք, բայց երբեք իրար չենք ճանաչել: Մի հարևան ունեինք. նրա տունն այնպես էր կառուցված, որ կապող օղակ էր դառնում մեր և կնոջս տների միջև: Երբ ժամանակն եկավ ինձ ամուսնացնելու, հարևանս, ով այդ ժամանակ մեր տանն էր, զրույցի ժամանակ նշեց ապագա կնոջս անունը: Առանց վարանելու դուրս եկանք ու գնացինք նրանց տուն. պարզից էլ պարզ էր, որ մեր հարևանն արդեն ինչ-որ բան ակնարկել էր աղջկա տանը (ծիծաղում է): Հետաքրիր էր, երբ ես ուսանող տարիներին ինչ-որ աղջիկ էի նկարում, նա պարտադիր գանգրահեր էր ստացվում: Երբ ես ներս մտա և տեսա նրան, ինձ թվաց իմ նկարած գանգուր աղջիկն է: Տեսա և առաջին հայացքից հավանեցի, ներքին ձայնս ինձ հուշեց, որ իմն է ու վերջ:

Կինս…

– Կնոջս առաջին բնութագրիչն անկեղծությունն է. գնահատել ու շարունակում եմ գնահատել նրա անկեղծությունը: Երբեք չի եղել, որ մեկս մյուսի խաթրով որոշում կայացնենք, ոչ, ամեն մեկս մեր դիրքորոշումն անկեղծ հայտնում ենք: Սա, թերևս, ինձ համար առողջ ընտանիքի մոդելն է:

Սովորություններ, որոնք միշտ առկա են ընտանիքում…

Առանց հյուրի սեղան չնստել: Մենք երկուսս էլ այսպիսին ենք, եթե մեր տանը երկու օր մարդ չի գալիս, երրորդ օրը հաստատ պիտի լինի, թե չէ կնեղվենք ու կմտածենք՝ մեզ մոռացել են (ծիծաղում է): Միշտ՝ հատկապես ամռանը, երբ մենք ամառանոցում ենք, զանգահարում ենք և հավաքում մեր բարեկամներին, ընկերներին միասին ժամանակ անցկացնելու ակնկալիքով:

Մեր ընտանիքին ընկեր են նրանք, ովքեր…

-Ընկերության վերաբերյալ կա մեկ չափանիշ մեզ համար՝ սրտի մաքրություն: Եթե անկեղծ, մաքուր հոգի ունի, կյանքս կտամ և ընկեր կլինեմ նրան, ով այդպիսին է:

Երեխաներս

-Առաջնեկս ծնվեց, երբ ես նոր ձեռնադրվել էի քահանա և գտնվում էի քառասունքի մեջ: Սևանի ճեմարանում էի, երբ առավոտյան ութին ինձ արթնացրին և  իմաց տվեցին, որ հեռախոսին մոտենամ: Գիտեի, որ կինս հղի է, ամեն օր խոսում էի նրա հետ, այնքան էի վախեցել, երբ ինձ հեռախոսի մոտ կանչեցին: Մայրս էր. աչքալուսանք տվեց և շնորհավորեց հայրիկ դառնալու առիթով: Աղջիկ էի ունեցել, ուրախությանս չափ չկար: Մինչ այդ լուրն ամեն ինչ հիշում եմ, իսկ հետոն արդեն ոչինչ չեմ հիշում. կարծես այդ մնացած օրերն ապրած չլինեմ ճեմարանում: Երբ վերջապես գնացի տուն, գրկեցի երեխայիս, տպավորություն էր՝ արարչագործության ժամանակաշրջանում եմ, որ մարդ է ստեղծվել ու նա իմն է:

Աղջիկս հիմա սովորում է Գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի երկրորդ կուրսում. մեր իմիջմեյքերն է (ժպտում է):

Տղայիս ծնվելն ուրիշ էր: Ոչ, ամենևին նրա համար չէ, որ տղա է: Ես միշտ ասել եմ, որ կա աղջիկ, որ հազար տղա արժե և հակառակը, ուստի ամեն ինչ գալիս է դաստիարակությունից: Դաստիարակության ամենակարևոր նախադրյալներն են ազնվությունը, ընտանիքն ու հավատարմությունը: Աշխարհում ազնվությունից լավ բան չկա. ես հիվանդ եմ ազնվության:

Ես ամեն գիշեր երկու անգամ պարտադիր անցնում եմ բոլոր սենյակներով, ծածկում նրանց, համբուրում նրանց ճակատները և նոր հետո միայն քուն մտնում: Երբեք պետք չէ տարբերություն դնել երեխաների միջև:

Տղաս այս տարի ավարտեց դպրոցը. հոր ճանապարհն է ընտրել՝ ընդունվելու է ճեմարան: Նա այժմ ունի դպրական աստիճան և ակնհայտ տեսնում եմ նրա սերը հոգևոր աշխարհի նկատմամբ: Դեպքեր են եղել, երբ կիրակի առավոտյան դիտմամբ նրան չեմ արթնացրել, որ քնի, հանգստանա, իսկ նա նստել է տաքսի ու հասել Ս. Պատարագին. շրջվել ու տեսել եմ կողքիս կանգնած է (ժպտում է): Սկզբունքային է. երկուսիս է քաշել այդ հատկանիշով:

Երբ ծնվեց երրորդ երեխաս, աշխարհընկալումս փոխվեց: Միշտ հումորով կնոջս հետ ասում ենք, որ երրորդը մեր թոռն է (ծիծաղում է): Երբ երիտասարդ տարիքում ես ծնող դառնում դա ուրիշ զգացողություն է, իսկ երբ արդեն հասուն տարիքում ես նորից զգում ծնող լինելու բերկրանքը, աննկարագրելի է:

Փոքրիկս պատրաստի փաստաբան է. մեծից փոքր ոչ մեկ չի կարողանում նրա հախից գալ (ծիծաղում է): Միայն քրոջ ասածն է ընդունում, այն էլ՝ հագուստի ընտրության հարցում: Հիմա սովորում է չորրորդ դասարանում, չգիտենք՝ ինչ ճանապարհով կգնա: Մի քանի օր  առաջ իմ ու տիկնոջս աչքով ընկավ մի գունազարդ պատկեր, մտածեցինք մեր փոքրիկն է ներկել, պարզվեց ինքն էր նկարել: Ո±վ իմանա, գուցե, նա էլ քրոջ ճանապարհով գնա:

Խորհուրդներ/ Պատգամներ…

-Պիտի հորդորեմ միմյանց նկատմամբ լինել հավատարիմ և վստահեն մեկը մյուսի: Կասկածն ու թերահավատությունը, եթե եղան ընտանիքում, այն երկար կյանք չի ունենա: Եթե կասկածի սեպը ամուսնու կամ կնոջ ուղեղում խրվեց,կկործանվի ընտանիքը: Կասկածը չարի ամենամեծ զենքն է: Թերահավատ մարդը  աստվածապաշտ լինել չի կարող: Կասկածին զոհ չգնալու միակ միջոցը էմոցիաներին չտրվելն է: Սառը դատողությունը կփրկի ցանկացած իրավիճակում: Ոչ մեկս ապահովագրված չէ փորձություններից, երբ կթվա մեզ, որ վերջ, այդ ժամանակ պետք է թողնենք կրքերը հանդարտվեն, նոր գործենք:

2019-ը՝ ընտանիքի տարի…

-Ընտանիքի ինստիտուտը կա և մնում է ազգի հիմքը: Եթե ընտանիքի մեջ բարոյական արժեքներ չկան, ապա ինչի՞ շուրջ պիտի համախմբվեն ընտանիքի անդամները:

 

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս