Փաշինյանի հայտարարություններն ավելի ադեկվատ են դառնում. ռուս վերլուծաբան

«Էկզոտիկ էր սկզբում հայակենտրոնության մասին Փաշինյանի մեկնաբանությունները։ ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին, ուստի Փաշինյանի հայտարարություններն այս դիտանկյունից է պետք մեկնաբանել»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցներից մեկին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ենթադրություններ կային, որ ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, իսկ դա չի կարող տեղի ունենալ՝ առանց արտաքին ուժերի և ոչ կառավարական կազմակերպությունների միջամտության։

«Նման դեպքերում այդ ուժերն ինչ-որ պահի մտնում են, կոպիտ ձևակերպումներով, «խաղի» մեջ, սպասվում էր, որ Արևմուտքը պետք է դա աներ, սակայն նրանք իրավիճակին հետևողի դերը ստանձնեցին, չմտան հայաստանյան ներքաղաքական «խաղի» մեջ՝ դրանով իսկ չեզոքացնելով այդ մասին կարծիքները»,- ասել է Տարասովը։

Իսկ ռուս վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն գտնում է, որ ստեղծված խնդիրներն ամենևին էլ «արհեստական» և «ստեղծագործական» բնույթ չեն կրում։

Ըստ նրա, նկատվում է, որ ՀՀ նոր իշխանությունները փորձում են նստել «2 աթոռի» վրա, թարմացնել հարաբերությունները՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ՝ Միացյալ Նահանգների հետ, այդ պատճառով գազի գնի հարցում Ռուսաստանը փորձել է քաղաքականություն փոխել։

Նա վստահեցնում է՝ այդ բանակցություններում միանշանակ խոսում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնը։

«Ներկայումս ևս, ամենայն հավանականությամբ, կա այդ գիտակցումը, քանի որ ՀՀ-ն հասկանում է, որ կարող է շատ արտոնություններ կորցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրների պատճառով։ Կարող է լինել ցանկություն՝ վարել երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն՝ հասկանալով, որ առանց Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հնարավոր չէ, ուստի քաղաքական իրատեսականություն է փորձում ցուցաբերել։ Բայց սա ժամանակի ընթացքում կարող է է՛լ ավելի տեսանելի դառնալ։

Ռուսաստանը տեսնում է բազմավեկտոր քաղաքականություն, որի դեպքում չեն կարող շարունակվել արտոնություններ ՌԴ-ի կողմից։ Սակայն, ինչպես երևում է, ՀՀ իշխանությունները սկսել են առնչվել իրողություններին»,- ասել է նա։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս