«Այսօր համաշխարհային երեսպաշտությունը հաղթեց». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, անդրադառնալով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ այսօրվա ձերբակալությանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես Ասանժի հետ ծանոթացա 8 տարի առաջ։ Նա այդ ժամանակ ապրում էր Լոնդոնի մերձակա փոքրի գյուղերից մեկում, իր ընկերոջ տնակում, ոտքին ապարանջան ամրացված։ Պատեր ունեցող որևէ տարածքում, բացի եղանակից, այլ բանի մասին խոսել Ասանժը չէր համաձայնում։ Այդ ժամանակ ինձ թվում էր՝ չափն անցնում է։ Շատերին էր այդ ժամանակ այդպես թվում։

Բայց նա պնդեց, և մենք, տանը թողնելով մեր հեռախոսները, զբոսնեցինք անտառում, որն այնքան մաքուր էր, որ թվում էր՝ գաղտնալսող սարքեր կարող էին լինել նաև այնտեղ։

Ասանժը պատմում էր, թե ինչպիսին է այս աշխարհը, ավելի ճիշտ՝ ինչպիսին է համաշխարհային կեղծավորությունը։ Շատ ավելի վաղ, քան մենք այդ մասին կկասկածեինք, նա բացատրում էր, որ Google-ն ու տարատեսակ Twitter-ները այս աշխարհում նրա համար են, որպեսզի՝

ա. Բոլորին հետևեն

բ. Կառավարեն ամբոխի տրամադրությունները

Նա բացատրում էր, որ ամենահրեշավոր հակաուտոպիաների «մեծ եղբայրը» ահա արդեն եկել է, ամեն օր մեր կողքին է, մեր գրպանում, իսկ մենք ուրախանում ենք, որ նա մեր կյանքն այդքան հարմար ու հետաքրքիր է դարձնում։

Մենք պայմանավորվեցինք, որ Ասանժը հեղինակային շոու կվարի մեզ մոտ՝ RT-ում։ Եվ նա հասցրեց անել մի քանի փայլուն թողարկումներ։ Այսօր մենք դրանք կկրկնենք։

Հասկանալով, որ համաշխարհային կեղծավորությունը կգտնի մի պատճառ նրան ձերբակալելու կամ նույնիսկ սպանելու համար, Ասանժը ապաստան գտավ էկվադորյան դեսպանատանը։

Պետք էր, իհարկե, մեզ մոտ մնալ։ Պետք էր։ Կապրեր իր համար հանգիստ, ինչպես Սնոուդենը, Սոչի կմեկներ, ազատ կշփվեր, ում հետ ուզում էր։ Ես նրան կսովորեցնեի խեցգետիններ եփել։

Բայց նա չխորհրդակցեց։ Իսկ էկվադորյան դեսպանատնից դուրս բերելն արդեն անհնարին էր. միանգամից կձերբակալեին, ինչպես և այսօր արեցին։

Գրեթե 7 տարի նա անցկացրեց այդ դեսպանատանը՝ առանց արևի լույսի, զբոսանքների ու նորմալ շփման, վերջին ժամանակներս՝ նաև առանց համացանցի ու այցելուների։

Մի քանի անգամ ես նրա մոտ դեսպանատուն եմ գնացել։ Դա պարզապես բնակարան էր լոնդոնյան հայտնի աղմկոտ Հերրոդսի դիմաց՝ գիշեր-ցերեկ ոստիկաններով շրջափակված։

Այնտեղ բաց խոսելն արդեն չէր կարելի, բայց միևնույն է, մենք խոսում էինք կյանքի, աշխարհի ու նրա ճակատագրի մասին։

– Ինչո՞ւ է սա քեզ պետք,- հարցնում էի ես,- չէ՞ որ դու քո կյանքը զոհասեղանին ես դրել, ինչի՞ համար։

– Պարզապես ես ատում եմ խաբելը։ Եվ ատում եմ, երբ ինձ են խաբում,- ասաց Ասանժը։

Ի՞նչ է նրան հիմա սպասվում։ Բանտերում անցկացնելիք տասնամյակնե՞ր, դեմոկրատիայի համաշխարհային լուսատու ԱՄՆ-ի նահանգներից մեկում գնդակահարությո՞ւն…

Նա պատրաստ էր ամեն ինչի։

Այսօր համաշխարհային երեսպաշտությունը հաղթեց»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս