Ո՞ւմ կծառայեն ԲՀԿ-ի ձայները
«Ամենալուրջ խնդիրն այն է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն ո՞ւմ կծառայեն` Գագիկ Ծառուկյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, Վարդան Օսկանյանի՞ն, թե՞ միգուցե, մեկ ուրիշին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե այս երեք դեմքերից ո՞վ ավելի մեծ հեղինակություն ունի, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ինձ թվում է` Ծառուկյանը, քանի որ վերջին 2-3 տարվա բոլոր հարցումների ժամանակ Գ.Ծառուկյանը միշտ Ռ.Քոչարյանին գերազանցել է»: Այնուհետև Ա. Ադիբեկյանը ներկայացրեց այդ հարցման տվյալները, որոնք, փաստորեն, նա իր հետ բերել էր ասուլիսին: « Գագիկ Ծառուկյան` 4,6 նիշ, Լևոն Տեր-Պետրոսյան` 4,1, Րաֆֆի Հովհաննիսյանը` 2,2, Ռոբերտ Քոչարյան` 2, ՎահանՀովհաննիսյան` 1,3, Արթուր Բաղդասարյան` 0,5, իսկ Վարդան Օսկանյանն ընդհանրապես չի երևում, նա նոր կարող է երևալ որպես նախագահի թեկնածու: Ընհանուր առմամբ` մարդկանց 16,8 տոկոսն է այս հարցմանը կարծիք հայտնել նախագահական թեկնածուների վերաբերյալ»:
Իսկ 168.am-ի հարցին, թե ԲՀԿ-ի կողմից ո՞ւմ առաջադրումն է առավել հավանական է համարում՝ Գագիկ Ծառուկյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Վարդան Օսկանյանի, սոցիոլոգը պատասխանեց. «Իմ խնդիրն է որոշել, թե բնակչությունը որ տարբերակն է ավելի ընդունելի համարում և ում ձայնը կտա, իսկ թե քաղաքական վերնախավում ինչ կորոշեն, դա իրենց խնդիրն է»: