ՄԱԿ-ի հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ եզրակացություններ է ընդունել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հիմնվելով Հայաստանի երկրորդ և երրորդ պարբերական զեկույցի քննարկման վրա՝ հուլիսի 25-ին Հայաստանի վերաբերյալ եզրակացություններ է ընդունել: Դրանում մտահոգություններ են արտահայտվում մի շարք ոլորտներում առկա` մարդու իրավունքների խախտման ու չլուծված խնդիրների կապակցությամբ:
Հանձնաժողովը մտահոգված է Հայաստանի բնակչության, պաշտոնյաների և իրավաբանների շրջանում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի և անհատական հաղորդման կամընտիր արձանագրության վերաբերյալ սահմանափակ իրազեկվածությամբ: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող սպառնալիքների և հարձակումների դեպքերի կապակցությամբ, անդրադարձել է սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտմանն ու գենդերային խնդիրներին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հանձնաժողովն անդրադարձել է նաև Մարտի 1-ի իրադարձություններին՝ մտահոգություն հայտնելով այդ իրադարձությունների չբացահայտման կապակցությամբ: Հանձնաժողովը գտնում է, որ 2008 թվականի Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշման պայմանները պարզ չեն: Հանձնաժողովի բարձրացրած հարցերին իշխանության ներկայացուցիչները այդպես էլ հիմնավոր պատասխաններ չեն կարողացել տալ:
«Պետությունը պետք է ապահովեր, որ արտակարգ դրության վերաբերյալ օրենսդրությունն ու կարգավորումները լիովին համապատասխանեին դաշնագրի 4-րդ հոդվածին: Խոսքը վերաբերում է ոչ միայն 2008 թվականի Մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագրին, այլ նաև Արտակարգ դրության մասին օրենքին, որն ընդունվել է: Հանձնաժողովը գտնում է, որ Մարտի 1-ի իրադարձությունների համակողմանի և ամբողջական քննություն չի իրականացվել»,- ասաց Սաքունցը:
Անդրադարձ է կատարվել ինչպես 10 զոհերի սպանությունների հանգամանքների չբացահայտմանը, այնպես էլ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերին: Մասնավորապես, պետության առջև հարց է դրվել, որ Մարտի 1-ին ուժի կիրառման համար պատասխանատու իրավապահները և հրաման արձակելու իրավասություն ունեցողները պետք է պատասխանատվության ենթարկվեին:
«Պետք է նաև երաշխավորել, որ այդ գործողությունների զոհերը համապատասխան փոխհատուցում ստանան: Այսինքն՝ հանձնաժողովը կոչ է անում, որ մարտիմեկյան զոհերի ընտանիքներին պատշաճ փոխհատուցում տրվի»,- նշեց Արթուր Սաքունցը:
Հանձնաժողովի կողմից նաև անհանգստություն է հայտնվում ոստիկանների գործունեության մասին: Նշվում է, որ չնայած 2010-2011 թվականների բարեփոխումներին` արձանագրվում է, որ, այնուամենայնիվ, ոստիկանական ուժերը պետք է արդյունավետ վերապատրաստում անցնեն, նրանց գործողությունների հաշվետվության մեխանիզմները պետք է գործեն:
Ազատազրկման վայրերի վերաբերյալ հանձնաժողովը արձանագրել է, որ չկան անկախ բողոքարկման մեխանիզմներ, և վատ վերաբերմունքի դեպքերի ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվում:
Հանձնաժողովը առանձին ուշադրություն է դարձրել զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններին, սպանությունների դեպքերի ոչ պատշաճ քննությանը: Արձանագրվում է, որ պետությունը պետք է երաշխավորի նմանատիպ դեպքերի վերացումը զինված ուժերում, ապահովի մահվան դեպքերի ամբողջական քննություն և տուժողների փոխհատուցում: