«Հին Էրիվանն» այլևս չի վաճառվում
«Հին Էրիվան» ռեստորանի պատշգամբից այլևս կախված չէ «վաճառվում է» ցուցանակը, որով ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մտադիր էր վաճառել ռեստորանը, պարտքերի դիմաց «Յունիբանկին» հանձնելու փոխարեն:
Այսօր Հայաստան վերադարձած սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե հնարավոր է՝ այլև չվաճառեն «Հին Էրիվանը»: «Ամեն ինչ անում ենք, որ չվաճառենք: Ես եմ պնդում, որ բանկում կատարեն ճիշտ հաշվարկ, վճարեմ, դուրս գամ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Հին Էրիվան»-«Յունիբանկ» դատական վեճը ձգվում է արդեն մեկ տարի: Վարկային պարտքերի պատճառով «Յունիբանկը» դիմել էր դատարան` ռեստորանը սնանկ ճանաչելու մասին պահանջով: Այս պահանջը մերժվել էր, սակայն դատական վեճը շարունակվում է: Մասնավորապես՝ «Հին Էրիվանի» սեփականատերը համաձայն չէ տուգանքների ներկայացված չափի հետ՝ պնդելով, թե դրանք չափազանցացված են :