«Եթե չես պատժում՝ չպատժվողը լկտիանում է»
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է. «Երեկ ծննդյանս օրն էր: Այնպես է ստացվել, որ ես երկու ծննդյան օր ունեմ՝ հուլիսի 19-ին եւ 29-ին:Երկրորդը ուղղակի գրանցման օրն է, որը թյուրիմացաբար հայտնվել է փաստաթղթերիս մեջ եւ դարձել ծննդյանս օրը:
Սովորաբար, այդ օրերին ես անհասկանալիօրեն տխուր եմ, մռայլ, անտրամադիր ու անպայման գնում եմ եկեղեցի: Երեկ նույնպես գնացի, աղոթեցի ու մոմ վառեցի: Մոմ վառեցի նաև Վահե Ավետյանի հիշատակի համար: Հիշեցի, որ մի քանի օր հետո նրա քառասունքն է ու կրկին կլինի մոմավառություն մտածեցի, որ լավ կլինի, որպեսզի այս անգամ այն լինի հոգեմաքրման, բարին, լավը սերմանելու, անկասկած՝ լուռ դատապարտմամբ չարը, վատը, անմարդկայինը ժխտելու փորձ:
Ու հիմա ինձ համար զարմանալի է, որ կրկին ոստիկանությունը պետք է կոչ անի միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին այն խաղաղությամբ, մոմավառության խորհրդին համապատասխան անցկացնել, որպեսզի չկրկնվեն նախորդ երկու մոմավռությունների միջադեպերը, որպեսզի առանձին քաղաքացիներ, կազմակերպություններ ինքնահաստատման այլ միջոցներ և վայր ընտրեն:
Ո՞ւր է եկեղեցին, ո՞ւր են մտավորականները, քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները: Սա ինչ պասիվ, կրավորական կեցվածք է, Ձեզ չի հուզո՞ւմ այդ ամենը, թե՞ ինչքան վատ, այնքան լավ, ինչքան ագրեսիա, սադրանք, այնքան պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն: Հարգելի հոգևորականներ, բացատրեք քրիստոնյաններին մոմավառության խորհուրդը, այն անցկացնելու կարգը, պահելաձևը: Հորդորեք, բացատրեք, խորհուրդ տվեք քրիստոնեաբար իրագործել այն:
Հարգելիներս, մենք պետք է անպայմանորեն անցածից հետևություններ անենք բոլորս: Ես հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, ոմանք փորձում են այս ողբերգությունից քամել ամեն ինչ, մինչև վերջին կաթիլը: Սակայն, նորից եմ հիշեցնում, մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու, քառատելու, շահարկելու, ինքնադատաստանի գործողությունների՝ լրագրողների մի ստվար հատվածի «շախ տվող» կոչերի, ակտիվ ու ագրեսիվ մասնակցության պայմաններում:
Համաձայն եմ, պատիժը շատ կարևոր է, որովհետև եթե չես պատժում՝ չպատժվողը լկտիանում է: Սակայն պատիժը պետք է լինի գործող օրենքների շրջանակում: Ես չեմ ուզում արդարացնեմ ոստիկանության ամեն գործողություն, սակայն ոստիկանությունից դուք կկարողանաք ավելին պահանջել, եթե ինքներդ լինեք մի փոքր ավելի օրինապահ…
Ես խնդրում, հորդորում և որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ խաղաղ, հանգիստ, աստվածահաճո մոմավառություն, հանգիստ մթնոլորտ, խաղաղ իրավիճակ, որպեսզի Վահե Ավետյանի հոգին քառասուն օր հետո խաղաղ համբառնի երկինք…
Հ.Գ. Իմ համակուրսեցին, որ ակտիվ մասնակցում էր մոմավառություններին և մյուս ակցիաներին, ակտիվ լացում, գոռգոռում, քաշքշում էր՝ նկարվեց ու իր նման մի քանի հոգու հետ իմացա, որ լքել է Հայաստանը, մի քանիսն էլ ինքնահաստատման պրոցեսում են…
Բարին ընդ ձեզ»: