Հասարակական լսումներ՝ Ամուլսարի ոսկու հանքի շուրջ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Էկո Աուդիտ» ՍՊԸ կողմից ներկայացված «Գեոթիմ» ՓԲԸ –ի ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Հասարակակական լսումներին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորությամբ նախարարության համապատասխան մասնագետներ, «Գեոթիմ» ՓԲԸ- ի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Գնդեվազի, Սարավանի գյուղապետարանի, ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանի, մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված փորձագետներ:
Քննարկման ընթացքում լսվեց նախագծի և նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների դիտողությունները, առաջարկություններն ու մտահոգությունները, ինչի արդյունքում որոշվեց` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության մշակման համար հաշվի առնել ներքո հիշյալ փորձաքննական պահանջները.
1.Սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը:
2.Հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել
– Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ,
– շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ:
3. Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով:
4. Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով:
5. Հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը: