«Պարո՛ն Բաբաջանյան, ինձ մոտ տպավորություն է, որ մենք տարբեր երկրներում ենք ապրում». Ռուբեն Ռուբինյան
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2018 թ. ծրագրի կատարողականի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հաշվետվության բացասական կողմերը, թերացումներն ու բացթողումներն առնվազն արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում բազամաթիվ են։
Ըստ նրա՝ հաշվետվությունում ասվում է միայն, որ «վերահաստատվել է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում», Արցախի սուբյեկտայնության բարձրացման մասին նշված է միայն դրական շեշտադրումներով, մինչդեռ նախորդ տարվանից Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ կառավարության իրականացրած քայլերը հանգեցրել են մեզ համար բանակցային գործըթացում գոնե մինչ այս պահը ոչ այնքան բարենպաստ իրավիճակի։
Ա.Բաբաջանյանի խոսքով՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարությունները լոկ ցանկություն են, սակայն այդ նպատակադրմանը սպասարկող դիվանագիտական, քաղաքական աշխատանք չկա։
«Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու քայլը մեզ համար Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու հնարավորություն է, սակայն այդ ուղղությամբ անգործությունը, ոչ հաշվարկված քաղաքականությունը, կամ դրա բացակայությունն այդ հնարավորությունը մեզ համար կարող է վերածել սպառնալիքի։
Արցախի հարցում այս իրավիճակն ունի խորքային պատճառներ։ Դրանցից ամենակարևորներից մեկն այն է, որ Հայաստանի դիվանագիտության, արտաքին քաղաքականության ողջ էներգիան, ներուժն ու ջանքերն ուղղված են դեպի Ռուսաստան՝ հեղափոխությունից հետո այդ երկրի կողմից Հայաստանի նոր իշխանության նկատմամբ ունեցած անվստահությունը փարատելու վրա»,- ասաց Ա.Բաբաջանյանը։
«Պարո՛ն Բաբաջանյան, ինձ մոտ տպավորություն է, որ մենք տարբեր երկրներում ենք ապրում»,- ընդդիմադիր գործընկերոջը հակադարձեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ նրա՝ ինտեգրացիոն գործընթացների մասով հեղափոխություն չի եղել ու չի էլ խոստացվել, բայց հեղափոխություն եղել է ոճի, փիլիսոփայության ու ձևի մեջ: Ռուբինյանի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ՀՀ շահերի պաշտպանության, ինքնիշխանության սկզբունքների վրա, իսկ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բարդ գործընթաց է, և մի քանի ամսում այն չի կարող հաջողությամբ պսակվել: