Քաղաքացիական ակտիվիստները մեղադրում են Քարահունջում պեղումներ իրականացնողներին, մասնագետը հակադարձում է
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Քարահունջում իրականացվող պեղումները որակում են անօրինական և նշում, որ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին: Պեղումներն իրականացնողները, սակայն, հերքում են նրանց մեղադրանքներն ու իրենց գործողությունները համարում են մասնագիտական չափորոշիչներին համապատասխան:
Մարտի 21-ին հրավիրված ասուլիսում ««Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Արամյանը նշեց, որ պեղումների ժամանակ կիրառվել են գործիքներ՝ քլունգ, բահ, ինչպես նաև պեղումների տարածք է բերվել վերամբարձ կռունկ:
«Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ` Քարահունջ աստղադիտարանում 2013 թվականին սկսված պեղումները որակում է որպես հետևողականորեն բարբարոսաբար իրականացվող գործողություն: Այդ պեղումները գալիս են հակադարձելու Պարիս Հերունու գիտական այն բոլոր ուսումնասիրություններին, որոնք իրականացվել են երեսուն տարիների ընթացքում՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Քարահունջի և դամբարան, և աստղադիտարան լինելու փաստը: Նույնիսկ հաշվարկված է տարիքը` 7500 և ավելի: Մեր կառուցողական պայքարի տրամաբանական ավարտը դարձավ վարչապետին ուղղված նամակը, որտեղ հստակ տրվում է գնահատական` Աշոտ Փիլիպոսյանի խմբի կողմից կարարված պեղումների վերաբերյալ. մի քանի օրից նամակը արդեն հասանելի կլինի հանրությանը: Փիլիպոսյանի կարծիքով՝ Քարահունջը միայն դամբարանադաշտ է եղել»,- նշեց Արթուր Արամյանը:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրերի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, միջգերատեսչական խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիազորված մարմնից ստացել է բաց թերթիկ, որը թույլ է տալիս հնագիտական պեղումներ անցկացնել «Քարահունջ աստղադիտարան» պատմամշակութային հնավայրի տարածքում:
«Մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, չունեն մասնագիտական պատրաստվածություն, ուստի իմ խոսքը խեղաթյուրված են ներկայացնում, ես չեմ ասել, որ Քարահունջը միայն դամբարանադաշտ է: Այն մեծ հնագիտական հուշարձան է, որը կազմված է մոտավորապես 4,5 հա տարածքից, և մոտավորապես այդքան էլ դամբարանադաշտից: Աստղադիտարանի հետ կապված ես չեմ քննադատում անգամ Հերունու մտքերը: Մենք մեր պեղումներով փորձում ենք մեր աշխատանքը կատարել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Փիլիպոսյանը:
Քարահունջը (Զորաց քարեր, Քարենիշ) նախապատմական մեգալիթյան կառույց է, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան: Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:
Մերի Կիրակոսյան
Անահիտ Մադոյան