Ա. Թաթոյանը Գերմանիայի դեսպանի և Բունդեսթագի պաշտոնաթող հանձնակատարի հետ հանդիպմանը կարևորել է քաղաքացիական վերահսկողությունը ԶՈւ-ի նկատմամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տնօրեն Ֆելիքս Հեթը:
Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության հետ և ծանոթացրել զինծառայողների իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում ներկայացնելու փորձին: Պաշտպանը կարևորել է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ինչպես նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությունը:
Ռայնհոլդ Ռոբբենն ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գերմանական փորձը և ինստիտուցիոնալ առանձնահատկությունները, զինվորական հաստատություններ անարգել այցեր իրականացնելու իրավասությունը և այլն:
Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թափանցիկությունը և դրանց նկատմամբ խորհրդարանական ու հասարակական վերահսկողությունը՝ երկրի համար զինված ուժերի դերակատարությունը գնահատելու, ինչպես նաև հասարակություն-բանակ փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղություններ: