Շիրակացու ծննդյան ճշգրիտ թիվը հայտնի չէ. գիտնական
Մեր պատմության խոշորագույն գիտնականներից Անանիա Շիրակացին մի տեսակ անուշադրության էր մատնվել, որովհետև հայտնի չէ նրա ծննդյան կոնկրետ թվականը: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով` տարբեր աղբյուրներ տարբեր թվեր էին նշում, արդյունքում` մեծանուն գիտնականի ծննդյան թվականն այսպես էլ անուշադրության էր մատնվում: «Պատմության մեջ կան անորոշություններ, սա հենց այդ դեպքերից էր»,- ասաց գիտնականը` նշելով, որ գիտականի ծննդյան տարեթիվը նշելու համար իրենք բավական ջանքեր են գործադրել: Հայկական աստղագիտական ընկերության ջանքերով` ՀՀ ակադեմիայի միջոցով դիմել են Հայաստանի կառավարությանը Շիրակացու հոբելյանը Հայաստանի մշակույթի նախարարության այս տարվա հոբելյանների տոնակատարությունների շարքում ներառելու համար: Արդյունքում` Պետական համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնին հանձնարարվել է նորից ուսումնասիրություն կատարել և ճշտել Ա. Շիրակացու ծննդյանը թիվը: «Այնպես ստացվեց, որ, պատահաբար թե բարեբախտաբար, նրանք եզրակացություն կատարեցին, որի համաձայն` Շիրակացին, ամենայն հավանականությամբ, ծնվել է 612 կամ 613 թվականներին»,-ասաց Ա. Միքայելյանը` հավելելով, որ այն ընդգրկվել է նախարարության հոբելյանների ցանկում: Գիտնականը նշում է, որ իրենք զուգահեռաբար հայտ էին ներկայացրել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այս միջազգային կառույցը նույնպես հավանություն է տվել` այն ընդգրկել իր` նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Այսպիսով այս տարի կնշվի մեծանուն հայ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը թե տեղական, և թե միջազգային մակարդակով: