Հայաստանը քաղաքացուն կվճարի 30.000 եվրո
Հայաստանը կվճարի 30.000 եվրո` 5,5 տարի անձին ազատազրկման վայրում պահելու և բարոյական վնասի հատուցումից հրաժարվելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից հուլիսի 10-ին կայացված որոշումը «Պողոսյանը և Բաղդասարյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, սեպտեմբերի սկզբին կմտնի ուժի մեջ: Որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունը, որպես բարոյական վնասի հատուցում, պետք է վճարվի 30.000 եվրո: ՀՀ քաղաքացի Արմեն Պողոսյանը (Բաղդասարյանը նրա մայրն է) մեղադրվել էր մանկահասակ երեխայի բռնաբարության և սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, 5,5 տարի ազատազրկում կրելուց հետո ազատ էր արձակվել. իրական հանցագործին բացահայտելուց հետո պարզվել էր, որ նրա նկատմամբ արդարադատությունը սխալ է իրականացվել: Պողոսյանը դիմել էր Հայաստանի դատարաններին` պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը, նյութական վնասի դիմաց նրան տրամադրվել էր դրամական փոխհատուցում, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ:
Հենց այս հիմքով էլ Արմեն Պողոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ա. Պողոսյանը` դիմելով ՄԻԵԴ, պահանջել է 280.000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում, որից ՄԻԵԴ-ը նպատակահարմար է գտել բավարարել դիմումը միայն 30.000 եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ եվրոպական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում, եթե երեք ամսվա ընթացքում գործը վերին ատյան տեղափոխելու հայտ չի ներկայացվում: Մինչ օրս ՀՀ-ն դեռևս չի բողոքարկել որոշումը, համաձայն որի` ՄԻԵԴ-ը բավարարել է Արմեն Պողոսյանի դիմումը դատարան: Այսպիսին է Եվրոպական դատարանի որոշումների ուժի մեջ մտնելու ընթացակարգը: