Սեպտեմբերին 1756 ընտանիք բնակարան կստանա
Գյումրի քաղաքում աղետի գոտուց տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի առաջին քայլերը կատարվել են դեռևս 2008թ., սակայն մինչ օրս հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «դոմիկներում»: Այսօր Գյումրիում շուրջ 3600 ընտանիք է բնակվում, ովքեր երկրաշարժի ժամանակ կորցրել են իրենց տները բազմաբնակարան շենքերում: Նրանցից 1756-ի համար արդեն իսկ կատարվել են համապատասխան վիճակահանությունները, որոնց արդյունքում այս ընտանիքները ստացել են 1-4 սենյականոց բնակարաններ, որոնց մի մասը, սակայն, դեռևս չի հանձնվել շահագործման, քանի որ շենքերի շինարարությունն ավարտված չէ:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ մինչև 2012թ. սեպտեմբերի վերջը կառուցապատման պատասխանատու «Glandale Hills» ընկերությունը կավարտի բոլոր 1756 բնակարանների շինարարությունը և նախարարությունն ընտանիքների հետ կկնքի նվիրատվության պայմանագրերը, որից հետո դրա հիման վրա նրանց այժմյան կացարանները կքանդվեն, իսկ նոր բնակարանների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկատարվի սեփականության իրավունքների գրանցում: