Նարեկ Սարգսյանի առաջարկը քննարկվել է
Այսօր Երեւանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի՝ նման մասնագիտական աշխատանքային խմբի ձեւավորումն անհրաժեշտություն է»:
«Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը որոշել է առաջիկա նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել վերը նշված փորձագիտական աշխատանքային խմբի ձևավորման շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև կազմակերպչական և բովանդակային այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ: