3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ) և 3-րդ (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ) կետերի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», – նշեց Խաչատրյանը:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցում գտնվող մանկապարտեզից մարտի 4-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխան մահացել է: Մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանն հայտնել էր, որ երեխան բուժկենտրոն է ընդունվել «կլինիկական մահով», գիշերը արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Սոցիալական ցանցերում քննարկում են, որ աղջիկ երեխային օգնության է հասել դայակը, երբ քնի ժամին տարօրինակ ձայներ է լսել ու պարզվել է, որ երեխան փսխում է: