Ինչու է գործադիրն ուշացնում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
Մոտ 1 ամիս առաջ՝ փետրվարի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերջնականապես ավարտել են ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- նշել էր Ն.Փաշինյանը:
Այսօր՝ մարտի 5-ին, մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը մինչ օրս չի ներկայացվել խորհրդարան։
Փետրվարի 28-ին ավարտվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (E-draft.am) դրա գտնվելու ժամկետը, 283 քվեարկողներից 92%-ը դեմ է արտահայտվել նախագծին։ Հիմնական դժգոհությունը մշակույթի, սփյուռքի և գյուղատնտեսության նախարարությունների վերակազմավորման հետ է կապված։ Նախագիծը նույնիսկ «ազգադավ» է որակվում։ Մասնագետները նշում են, որ պարզ չէ, թե իրարից բավականին տարբերվող գործառույթներ ունեցող գերատեսչությունների միավորումից և «սուպեր նախարարությունների» ստեղծումից ինչքանով է բարձրանալու աշխատանքի արդյունավետությունը, կամ արդյոք կբարձրանա ընդհանրապես:
Այժմ գործադիրը շուրջ 2 շաբաթ ունի՝ ներկայացված բազմաթիվ առաջարկներն ամփոփելու համար, որից հետո փոփոխությունները կհաստատվեն կառավարության նիստում և նոր միայն կներկայացվեն խորհրդարան։
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ կառավարությունը փորձում է արձագանքել հասարակության գնահատականներին առ այն, որ հասարակության մեջ դժգոհություն է առաջացրել գործադիրի մոտեցումը, և պահանջ կա, որ նախ և առաջ՝ չլուծարվեն սփյուռքի և մշակույթի նախարարությունները, երկրորդ՝ ուժային կառույցների ենթակայությունը սահմանվի այնպես, որ թղթի վրա չմնա խորհրդարանական պետության վերահսկողության էությունը։
«Որևէ պարտադիր դրույթ չկա կոնկրետ նախագծերը կոնկրետ ժամկետներում ընդունելու վերաբերյալ, եթե անհետաձգելի չեն համարվել։ Կարևոր է ոչ թե շուտ ընդունելը, այլ ընդունելուց առաջ հասարակական կարծիքը հաշվի առնելը։ Ամեն դեպքում, ենթադրվում էր, որ որոշումն արդեն պետք է կայացված լիներ՝ կամ թողնել 17 նախարարություն, կամ կրճատել, բայց կարծում եմ՝ կառավարությունը դեռ լսում է հանրությանը։ 2 ամիսը շատ է, եթե իսկապես պետք չեն այդ մարմինները, ապա ինչո՞ւ ենք 2 ամսից ավելի շարունակում այդ «անպետք» կառույցների ծախսերը և պետական բյուջեին վնաս հասցնում։ Այսօր արդեն խոսում են 10 հազար հոգու կրճատման մասին, իսկ դա լուրջ ժողովրդագրական խնդիր է, ենթադրվում է՝ նրանք 10 հազար ընտանիք են, 10 հազար ֆինանսական հոսքեր, և դա կարող է բերել նոր արտագաղթ, նոր հիասթափություն, զբաղվածության նոր աճ»,- ասաց Գ.Պետրոսյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր նախկին դիրքորոշումն ուժի մեջ է՝ 5 նախարարներ դեռևս նշանակված չեն, և դա Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում է.
«Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է՝ ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում։ Այդ հոդվածով սահմանվում է կառավարության կազմավորման հստակ կարգ, համաձայն որի՝ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Բնականաբար, այստեղ խոսքը գնում է գործող Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված կարգով բոլոր նախարարությունների, այն է՝ կառավարության անդամների պաշտոնում նշանակվող թեկնածուների ներկայացման մասին։ ՀՀ վարչապետը չի ներկայացրել բոլոր նախարարների թեկնածուներին, իսկ ՀՀ նախագահը նշանակել է միայն նրանց, ում ներկայացրել է Վարչապետը»։
Է.Մարուքյանը վարչապետին հորդորում է անհապաղ Ազգային ժողովին ներկայացնել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծ, որը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը, օդում չի թողնի նախարարություններ՝ առանց նախարարների, և իր կառուցվածքում կընդգրկի ԱԱԾ-ն, ոստիկանությունը և ՊԵԿ-ը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում Է.Մարուքյանի պնդումներն «իրավական մանիպուլյացիա» անվանեց։
Ըստ նրա՝ Սահմանադրության որևէ դրույթ չի խախտվել. «Բազմիցս կրկնել եմ՝ Սահմանադրությունն ասում է, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով։ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված է, որ անդամների 2/3-ի նշանակման դեպքում կառավարությունը համարվում է կազմավորված։ Այս պահին դեռևս գործող օրենքով կառավարությունն ունի 21 անդամ՝ 17 նախարար, 3 փոխվարչապետ և 1 վարչապետ։ 2/3-ը 14 անդամ է, իսկ այս պահին նշանակված է 15 անդամ՝ 1 վարչապետ, 2 փոխվարչապետներ և 12 նախարարներ։ Այսինքն՝ Սահմանադրության խախտման մասին խոսք գնալ չի կարող»։
Հարցին՝ նորմա՞լ է, որ ավելի քան 2 ամիս կառավարությունը գործում է թերի կազմով, Վ.Հովակիմյանը պատասխանեց, որ կառավարությունը գործում է իր այս պահին եղած օրենսդրական կարգավորումներով. «Մենք չունենք վակուում, օրենսդրության բաց, որը թույլ չի տա կառավարությանը գործել, և կառավարության բոլոր օղակներն աշխատում են»։
Նա հաստատեց, որ կառավարությունն առաջարկներն է ամփոփում, լրամշակումից հետո վերջնական տարբերակը կհաստատի և կուղարկի խորհրդարան։