Ռուսաստանն արդեն Հայաստանի փոխարե՞ն է որոշում

Հայաստան այցելած ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Երևանում ուշագրավ հայտարարություն է արել, ընդ որում ՀՀ իշխանությունների անունից: «ՀՀ ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում` հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է նա: Սա ուշագրավ հանգամանք է, քանզի ԵՎՐԱԶԵՍ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանում առանձնապես չեն շտապում Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեւավորված տնտեսական այս նոր միությանն ու դրա շրջանակում ստեղծված մաքսային միությանն անդամակցելու հարցում: Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանն այս նախագծին միանալը համարել էր անիմաստ: «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն` երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել… Այդ տեսակետից անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը», -ասել էր նա: Ստացվում է, որ ՌԴ իշխանությունները հերթական անգամ ՀՀ-ի փոխարեն որոշում են կայացնում: Հայաստանյան մի շարք մեկնաբաններ, մինչդեռ, պնդում են, որ Հայաստանն առհասարակ շահագրգիռ չէ ԵՎՐԱԶԵՍ-ի հետ համագործակցությամբ, քանի որ Երեւանը նախապատվությունը տալիս է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին:
Ռուսաստանի Պետդումայի նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանում արդեն մշակվել են ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Համաձայնագիրը, հիշեցնենք, ստորագրվել է անցած տարի Սանկտ Պետերբուրգում: Դրա շնորհիվ, Հայաստանի կառավարության մեկնաբանությամբ, Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները կարող են համաձայնագրին միացած երկրների տարածք արտահանել իրենց ապրանքներն ու ծառայությունները` առանց որեւէ սահմանափակման:

Տեսանյութեր

Լրահոս