Բաժիններ՝

«Բիենալեի» համար գումար չկա

Հայաստանը ֆինանսների բացակայության պատճառով այս տարի չի մասնակցելու համաշխարհային արվեստի` վենետիկյան հեղինակավոր «Բիենալե» (Biennale) փառատոնի ճարտարապետական ցուցադրությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Տարիներ շարունակ այս փառատոնին մասնակցում են նաև ժամանակակից հայ նկարիչները:  Ճարտարապետական «Բիենալեին» Հայաստանը սկսել է մասնակցել 1996թ.-ից: Ընդ որում, ճարտարապետական «Բիենալեն»` կախված ոլորտի առանձնահատկությունից,  կարող է անցկացվել  3-4 տարին մեկ անգամ: 168.am-ը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը պաշտոնապես հարցադրում էր արել` ճշտելու համար, թե ինչու այս տարվա օգոստոսի 29-ից նոյեմբերի 25-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվելիք  ճարտարապետական «Բիենալե» համաշխարհային փառատոնին Հայաստանը չի մասնակցում: ՀՀ քաղաքաշինության նախարարությունից պատասխանել են, որ «պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է»: Ընդ որում, մի կողմից` ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ չունի համաշխարհային նշանակության այս փառատոնին երկիրը ներկայացնելու համար, բայց փոխարենը  որոշում է կայացվել` 2012թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում ընդամենը երկու օր անցկացվելիք քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովի կազմակերպման համար բյուջեի միջոցներից հատկացնել 19 մլն դրամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս