«Նույնիսկ սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունն ու դրա պրակտիկ իրագործումը». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից:
Այս շահի գիտակցումը եղել Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ,և դրանով էր պայմանավորված Իրան – Հայաստան գազատարի կառուցումը՝ թեկուզ նախատեսվածից առավել փոքր տրամագիծ ունեցող խողովակով:
Սակայն բնական գազի տարանցումը, բացի տնտեսական օգուտներից, հարուցում է անվտանգային լուրջ ռիսկեր:
Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և պաշտպանության համակարգում բնական գազի մատակարարման ճանապարհների դիվերսիֆիկացիան հռչակվել էր որպես Ռուսաստանից գազային կախվածության թուլացման միակ արդյունավետ միջոց:
Ճանապարհների փնտրտուքը, վերջին 20 տարիների ընթացքում, պատճառ է դարձել ծանր և արյունալի պատերազմների: Որպես օրինակ բավարար է նշել Սիրիայի պատերազմը:
Որպեսզի փակենք նաև անվտանգային ռիսկերը, անհրաժեշտ է հավաստիանալ, որ այս հայտարարությունը համաձայնեցված է եղել Ռուսաստանի դաշնության և Միացյալ նահանգների հետ:
Եթե նշված համաձայնություններն առկա են և ամրապնդված են գործուն երաշխիքներով, ապա Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է ճանաչել վերջին 20 տարվա Հայաստանի ամենալուրջ դիվանագիտական հաղթանակ:
Իսկ եթե ոչ, ապա նույնիսկ սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունն ու դրա պրակտիկ իրագործումը»: