Հայտնի է դարձել, թե ով է շահել Իռլանդիայի ամենամեծ խաղագումարը՝ 200 մլն դոլարը
EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները սկզբում չէին հայտարարում հաղթողի անունը եւ այն խանութի հասցեն, որտեղ գնվել է շահող տոմսը: Բայց հաջողակը վերջապես եկավ իր փողերի հետեւից, եւ, ի զարմանս կազմակերպիչների, նրանք թվով վեցն էին: Այդ մասին, գրել է Mirror-ը:
Ընտանիքի անդամները, որոնց անունները չեն նշվում հասկանալի պատճառներով, կազմակերպիչներին պատմել են, որ արդեն վաղուց են տարված վիճակախաղերով: Թեեւ Իռլանդիայի Նոլ գյուղից եղբայրներն ու քույրերը արդեն վաղուց մեծացել են եւ յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի, բայց նրանք բոլոր հանգստյան օրերին պարտադիր հավաքվում են լոտո խաղալու: Եվ վերջապես նրանց բախտը բերեց եւ այն էլ ինչպես…
Հաղթողներից մեկը խոստովանել է, որ սկզբում չի հավատացել իր աչքերին: Ականջի ծայրով նա լսել է վերջին երեք թվերը, եւ դրանք համընկել են: Այնուհետեւ նա հուզախռիվ Համացանցում ստուգել է մնացած թվերն ու ցնցվել: Անսպասելիորեն դժվար եղավ մյուս եղբայրներին ու քույրերին համոզել, որ իրենք շահել են: Նրանք որոշել են տոմսն ապահովության համար դնել ներքնակի տակ, իսկ հետո այն հանձնել են Իռլանդիայի ազգային վիճակախաղին: 199 մլն դոլարի չափով այս շահումն ամենամեծն է երկրի համար, եւ հաղթողները կկարողանան այն ստանալ մի քանի շաբաթվա ընթացքում:
«Մենք շատ ամուր ընտանիք ունենք: Մենք հաճախ ենք միասին արձակուրդ գնում եւ անցկացնում հանգստյան օրերը: Մենք չենք ուզում, որ այդ փողերը մեզ փոխեն»,- ասում են նրանք: Կազմակերպիչները նշել են այն խանութը, որը վաճառել է երջանիկ տոմսը: Դրանից հետո աշխատակիցները կարողացել են, այլեւս չթաքնվելով, կազմակերպել հանդիսություն եւ ինչպես հարկն է տոնել նման երջանիկ իրադարձությունը, հաղորդել է Life-ը: