Սիրիայի ԱԳՆ. Ոչ մի քիմիական կամ մանրէաբանական զենք երբեւէ չի օգտագործվել եւ չի օգտագործվի
Սիրիական ճգնաժամի ընթացքում ոչ մի քիմիական կամ մանրէաբանական զենք երբեւէ չի օգտագործվել եւ չի օգտագործվի` անկախ դեպքերի զարգացման ընթացքից, այսօր՝ հուլիսի 23-ին Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքսեդին:
Փաստաթղթում նշված է, որ նախարարությունն ուշադիր հետեւել է հակասիրիական տեղեկատվա-քաղաքական ընթացքին, որի նպատակն է արդարացնել երկրում ռազմական ներխուժումը, դրան պատրաստել համաշխարհային հանրությանը` Սիրիայի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սուտ պատրվակի ներքո, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ զենքի տվյալ տեսակները պահվում են հատուկ պայմաններում` ՍԱՀ-ի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո եւ կարող են օգտագործվել միայն օտարերկրյա միջամտության դեպքում: Նախարարությունը նախկինում տեղեկացրել էր, որ Սիրիան ոչ մի դեպքում այն չի օգտագործի երկրի ներքին ճգնաժամի շրջանակում:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ հաստատվում է, որ Սիրիայի դեմ նպատակաուղղված տեղեկատվա-քաղաքական գործընթացը բնավ էլ չի նպաստում ճգնաժամից նրա դուրս գալուն: Երկրները, որոնք իրոք անհանգստացած են սիրիացիների ճակատագրով, պետք է ջանք գործադրեն համոզելու բոլոր նրանց, ովքեր աջակցում, ֆինանսավորում եւ զինում են ահաբեկիչներին, կարգավորել սիրիական հիմնախնդիրը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի բանաձեւի համապատասխան:
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ նախագահ Բաշար Ալ Ասադն ընդունել էր ՍԱՀ-ի բանակի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Ալի Աբդալա Այուբային, որի հետ քննարկել է երկրի իրադրությունը եւ հաջողություն է մաղթել աշխատանքում: «Նախագահը հրահանգել է շարունակել ահաբեկիչների հետապնդումները` երկրում քաղաքացիների անվտանգության պաշտպանության եւ կայունության վերականգնման նպատակով», – հայտնում է պետական միջազգային «Դամասկոս» ռադիոկայանը: