Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը

Ինչպես հայտնի է, օրերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունները ստանդարտ էին, սակայն «168 Ժամի» աղբյուրների պնդմամբ՝ ևս 2 թեմա դուրս է մնացել պաշտոնական լուսաբանման շրջանակներից։

Նախ, հայկական կողմի խնդրանքով երկու կողմերն էլ իրենց հաղորդագրությունների մեջ չեն նշել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու առիթով ռուսական կողմի շնորհակալության մասին, քանզի գտնվելով Մյունխենում՝ արևմտյան քաղաքական վերնախավի շրջանակներում, և հասկանալով այդ լուրի տհաճությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Ս. Լավրովին խնդրել է, որ Սիրիայի մասին հաղորդագրության մեջ չնշվի, և գրվել է ոչինչ չասող՝ «քննարկվել են տարածաշրջանային հարցեր» նախադասությունը։

Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երևանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, որին մասնակցել է նաև ռուսաստանյան բավական պատկառելի պատվիրակություն։

Խնդիրը հարթեցնելը մնացել է Զոհրաբ Մնացականյանի վրա, և նա ասել է, որ այլևս ուշադիր կլինեն, և, իհարկե, թույլ չեն տա, որ նման բան կրկնվի։ Նա հավելել է նաև, որ ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարված է ռուսական համապատասխան ծառայության, առհասարակ ուժային կառույցների հետ համագործակցել և տեղեկատվության փոխանակումը նախապես իրականացնել։ Ակնհայտ է, որ այդ «միջոցառումը» լուրջ հետք է թողել ռուսական կողմի մոտ, այն աստիճանի, որ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին դժգոհությունն ուղիղ տեքստով է հայտնել Զոհրաբ Մնացականյանին։

Տեսանյութեր

Լրահոս