«Սա է պատճատը, որ թշնամին չի «բզբզում», իրենց խաղաղ են պահում, որպեսզի մեր ուշադրությունը չշեղենք իրենց վրա»

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևը հայտարարել էր, Արցախի հարցը ուժի միջոցով լուծման տարբերակն իրենց համար միշտ էլ օրակարգային է: Ըստ նրա, ՀՀ իշխանությունների մոտեցումը հարցի լուծման հետ կապված՝պաշտոնական Բաքվի համար անընդունելի է.

«Ես միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում առաջին պլանում է ուժի գործոնը: Տեսեք, աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Եթե նախկինում դա փորձում էին որոշակի ձևով թաքցնել, ապա այսօր դրա կարիքն էլ չեն տեսնում: Այսօր աշխարհում թագավորում է «Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»: Դա է նոր իրականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությանը։ Մենք արդեն երկար տարիներ ամրապնդում ենք մեր տնտեսական ու ռազմական հզորությունը»,- հայտարարել էր Ալիևը։

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը 168.am-ի հետ զրույցում  անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ նշեց, որ պատերազմը չի ավարտվել, այն սկսվել է 1989 թվականի սեպտեմբերից, երբ ջարդարարները հայտնվեցին սահմանին ու գրոհեցին հայկական բնակավայրերի վրա։

«1989 թվականից մինչև օրս պատերազմը չի դադարել, եղել են զինադադարներ, բայց չկա պատերազմից դուրս գալու միակ ձևը՝ խաղաղ պայմանագիր, եթե դա չկա, նշանակում է՝ պատերազմը շարունակվում է։ Թեժ պայքարի մեջ մտնելու համար թշնամին ուժեր է կուտակել։ Այժմ իրենց մի քիչ խաղաղ են պահում, քանի որ սպասում են, որ մենք իրար «սևերի» ու «սպիտակների» բաժանելով, միմյանց կոկորդ այնքան կկրծենք, որ արտագաղթը կավելանա, ու այնքան կթուլանանք, որ վերևից ընկած երեք խնձորների նման կընկնենք իրենց բռի մեջ։

Սա է պատճատը, որ թշնամին չի «բզբզում», իրենց խաղաղ են պահում, որպեսզի մեր ուշադրությունը չշեղենք իրենց վրա, թողել են, որ ինքներս մեզ անվանենք «հին», «սերժական», «լևոնական», «քոչարյանական» և այսպիսով տարանջատվենք»,- ասաց Վ. Վարդանովը։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ թշնամին վերջին ամիսներին իրեն խաղաղ է պահում, քանի որ զբաղված է իր դիրքերի ամրապնդմամբ և արդիականացմամբ։

«Այս պահին Ադրբեջանի զինված ինժեներական զորքերն արցախաադրբեջանական և հայ-ադրբեջանակն շփման գծում իրականացնում են լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ, մասնագետների օգնությամբ ամրապնդում են իրենց դիրքերը, տեղադրում են ժամանակակից հակադիվերսիոն համակարգեր։ Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխել»,- նշեց Վ. Համբարձումյանը։

Ըստ նրա, երբ ժամանակին Նախիջևանի ուղղությամբ թշնամին ամրապնդում էր իր դիրքերը, հայկական կողմը որևէ դիմադրություն ցույց չի տվել, եթե լիներ դիմադրություն, գուցե թշնամին մինչև ձմեռ չդիմանար և հետ գնար։

Նա իրատեսական չի համարում, որ հայկական կողմին կհաջողվի այդ դիրքերը հետ բերել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս