Բաժիններ՝

Իրանը Եվրամիությունից պահանջել է արագացնել հաշվարկների մեխանիզմի աշխատանքը

Թեհրանը Եվրոպայից պահանջել է արագացնել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ուղղությամբ տարվող աշխատանքը՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների համատեղ մեխանիզմի՝ INSTEX-ի գրանցման մասին: Առաջին փուլում այն պետք է ապահովի դեղորայքի, բժշկական սարքավորումների եւ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները:

ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ՝ Իրանի հետ փոխգործակցության համար վճարային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ որոշումն ընդունվել է միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո: Քասեմին նշել է, որ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ շարունակում է ճնշում գործադրել՝ դեմ լինելով Իրանի եւ Եվրոպայի գործակցությանը: «Բացառությամբ այդ մեխանիզմի գրանցման, Եվրոպայի կողմից որեւիցե այլ ձեռքբերում մենք չտեսանք»,-ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Նա նաեւ հայտարարել է, որ Թեհրանը Եվրոպայից ակնկալում է մեխանիզմի «հնարավորինս արագ իրագործում»: «Իրանը բացահայտորեն հայտարարել է եվրոպական երկրներին, որ իր համբերությունը սահմաններ ունի»,-հավելել է նա: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ հայտարարել է, որ Եվրամիության երկրները, ներդնելով Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը, բավարար քայլեր չեն անում միջուկային գործարքը պահպանելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս