Թյուրիմացություն է տեղի ունեցել. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին դիմում են Կառավարությանը
Փետրվարի 15-ին Կառավարության նիստում քննարկվել է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվեր ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև 2019 թ. ապրիլի 1-ը:
Օրինագիծը հանվել է օրակարգից: Վարչապետն առաջարկել է նախագիծը լրամշակել և ամրագրել, որ մինչև 2019 թ. ապրիլի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել միայն այս պահին մաքսային տարածքում գտնվող մեքենաները, որոնց թիվը 442 է:
«Եթե մենք նման քաղաքականություն չվարենք, ապա կգա ժամանակ, որ աջակողմյան մեքենաները երկրում իրենց թվաքանակով կգերազանցեն ձախակողմյան մեքենաների քանակը, և մենք ստիպված կլինենք ուղղակի երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, ինչը միլիարդների ծախս կլինի պետական բյուջեի վրա: Այսինքն՝ մեր կյանքի ամբողջ տրամաբանությունը դրա պատճառով պետք է ստիպված լինենք փոխել» ,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ իրենց մեքենաների թիվը ոչ թե 442 է, այլ 812, և պայմանավորվածություն է եղել մաքսակետում ու Վրաստանի տարածքում գտնվող մեքենաների մասով:
«Նիստի ժամանակ վարչապետն ասաց՝ չեմ հիշում, 400 է՞ր, թե՚՞ 800, Հակոբ Արշակյանը սկզբում ներկայացրեց 830 մեքենա, հետո չգիտեմ որտեղից վերցրեց 450 թիվնը,ու թյուրիմացություն տեղի ունեցավ: Հիմա կազմել ենք ցուցակ, որը պատրաստվում ենք ներկայացնել վարչապետի աշխատակազմին, մյուսը՝ Տրանսպորտի նախարարությանը: Գրելու ենք նաև VIN կոդերը, որպեսզի կարողանան վերահսկել»,- ասաց նախաձեռնության անդամներից Վաչագան Մինասյանը՝ ընդգծելով, որ իրենց մեքենաների քանակը չի ավելացել:
«812 մեքենաները եթե Հայաստանում լինեն՝ մենք համարում ենք հարցը լուծված»,- ընդգծեց նա:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամների փոխանցմամբ՝ մեքենաների մի մասը Վրաստանում է, մաքսակետում էլ տեղ չկա, որ բերեն:
«812 մեքենայից 600-ն անցել է սահմանը, մնացածը Վրաստանում է»,- նշեց Վաչագան Մինասյանը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հաղորդեցին, որ գնալու են Կառավարություն, փորձելու են հանդիպել ՀՀ վարչապետին ու լուծել հարցը:
Նրանց փոխանցմամբ՝ 4-5 ամիս է՝ մեքենաները մաքսակետում թալանվում են:
«Մեր Կառավարությանն այս մասին էլ ենք ուզում հարցնել: Ինչպե՞ս կարող է ՀՀ ամենավերահսկելի տարածքում, որտեղ ամեն սյան վրա մեկ տեսախցիկ կա, թալանեն մեքենաները: Զարմանալին այն է, երբ հարցնում ենք, թե սա ինչպե՞ս է կատարվում, պատասխանում են, թե՝ ձեր մեքենաներն ի պահ չեք հանձնել: Սա ո՞նց հասկանանք: Եթե տեսնում են, որ գողություն է կատարվում, ասում են՝ ոչինչ, այս մեքենան ի պահ հանձնված չէ՞»,- ասաց Զոհրաբ Իգիթյանը:
Անի Կարապետյան