Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ` Վ.Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցի քննարկման ժամանակ դատարանի կողմից թույլ տրված կեղծիքի համար:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի դեկտեմբերի 30-ին` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննության առարկա է դարձրել «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ բավարարել այն` առանց պաշտպանական կողմի մասնակցության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ փաստաբանը կեղծ փաստաթուղթ է հայտնաբերել` «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ: Ըստ նշված հեռախոսագրի` դեկտեմբերի 30-ին` ժամը 11։25-ին (միջնորդությունը դատավորին մակագրվելուց 11 րոպե անց), Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Վահագն Հարությունյանի պաշտպանի հետ և տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է նույն օրը ժամը 13։00-ին, սակայն Միհրան Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։ Վերջինս պնդում է, որ ինքն այդ օրը հեռախոսազանգ չի ստացել եւ պատրաստակամ է ներկայացնել դա վկայող փաստաթղթեր: Նա համոզված է, որ այդպիսի հեռախոսազանգ ոչ միայն չի կատարվել, այլեւ հետագայում է որպես կեղծ ապացույց զետեղվել վարույթի նյութերում, քանի որ այն չի եղել, երբ 10.01.2019թ. ծանոթացել է նյութերին:
Փաստաբանի պնդմամբ` վարույթի նյութերում կեղծ հեռախոսագրի առկայությունն իր մեջ հանցագործության հատկանիշներ է պարունակում` ակնկալելով, որ ՀՔԾ-ն քրգործ կհարուցի եւ կպարզի կեղծիքի հեղինակին:
Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է` վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը եւ բեկանել Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 30.12.18 թ. որոշումը: Բացի այդ` Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Պողոսյանի հաղորդման հիման վրա, որոշել է կարգապահական վարույթ հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ առանց պաշտպանական կողմի մասնակցության դատական նիստն անցկացնելու համար: