Արամ Ա կաթողիկոս. Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին
Վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Սիրիայի Հանրապետության սահաններից ներս տիրող տագնապալի իրավիճակը Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության օրակարգի մտահոգիչ նյութն է: Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական կենտրոնը, Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Բերիո Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյանի և թեմի ազգային իշխանությունների միջոցով մշտապես իրազեկվում է սիրիահայ համայնքի իրավիճակի մասին:
Անկախ այս ամենից, Վեհափառը, տարբեր առիթներով և՛ անցած տարի, և՛ նույնիսկ անցած շաբաթ, ցանկություն է հայտնել մեկնել Սիրիա՝ գործնականորեն իր հայրական հոգածությունն արտահայտելու մեր ժողովրդի զավակների հանդեպ, նշվում է հաղորդագրության մեջ:
Սակայն, ինչպես հաղորդվում է, Սիրիայի համայնքային պատասխանատուները, նկատի ունենալով Սիրիայում ստեղծված ներկայիս անկայուն իրավիճակը, նպատակահարմար չեն գտել Վեհափառի այցելության կազմակերպումը: Այդուհանդերձ, Վեհափառը համայնքային պատասխանատուներին մշտապես վերհիշեցնում է իր ցանկության մասին՝ որպես հովվապետ պատրաստ է ցանկացած ժամանակ այցելելու իր հոտին:
Օրեր առաջ, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել կարևորագույն հայտարարությամբ, որում շեշտադրել է հետևյալ կետերը.
ա) հայ գաղութի ներքին միասնականության ամրապնդումը հրամայական անհրաժեշտություն է : Ինչպիսի ներքին տարակարծություններ ու մոտեցումներ էլ որ առկա լինեն, միևնույն է, Սիրիայի ներսում ստեղծված ներկայիս մտահոգիչ իրավիճակում մեր համայնքը պե՛տք է գործնականորեն արտահայտի իր միակամությունը և որդեգրի հավաքական կեցվածք՝ ինչպես դա տեղի ունեցավ լիբանանահայության պարագայում՝ Լիբանանում ստեղծված տագնապալի իրողությունների ժամանակաշրջանում:
բ) անհրաժեշտ է օժանդակել կարիքավոր ընտանիքներին՝ նկատի ունենալով երկրի ներսում տիրող տնտեսական ծանր իրավիճակը:
Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է, թե որպես Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի նախագահ, ամիսներ առաջ ինքն անհրաժեշտ ցուցումներ է տվել Դամասկոսում գործող Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի գրասենյակին: Հրահանգել է անմիջապես կապ պահպանել հիշյալ գրասենյակի հետ ՝ հայ ընտանիքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
գ) Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում:
դ) Վեհափառը նաև կարևորել է այն, որ հոգևոր ու համայնքային պատասխանատուները կապի մեջ լինեն բոլոր կողմերի հետ՝ հեռու մնալով բացահայտ քարոզչական քայլերից ու միակողմանի մոտեցումներից:
ե) բոլոր կողմերի հետ մեր հարաբերությունները, մոտեցումները՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, պետք է լինի հետևյալը. մեր ժողովուրդը, թե՛ Սիրիայի մեջ, թե՛ դրսում, մշտապես երախտապարտ է սիրիական հայրենիքին ու ժողովրդին, որովհետեւ թուրքական ջարդերից հետո Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ: Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը:
զ) Վեհափառը նաև հայտնել է, թե անհրաժեշտ է, որ մեր մոտեցումներով ու ճշգրիտ հարաբերություններով հիշեցնենք մեր շրջապատին, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային՝ տեր կանգնելով իրենց պարտավորություններին ու իրավունքներին՝ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին:
Սիրիահայությունը կազմակերպված գաղութ է և կմնա այդպիսին՝ միշտ սիրալիր հարաբերություններ ու համագործակցություն ունենալով բոլոր համայնքների հետ:
է) վերջապես, Վեհափառ Հայրապետը հրահանգել է, որ հայ կյանքից ներս՝ թեմական, համայնքային, թե կուսակցական մակարդակներում պետք է խորհրդակցություններ տեղի ունենան բոլոր շրջաններում, որպեսզի մեր մոտեցումներն ու աշխատանքները լինեն ներդաշնակ և կազմակերպված:
ը) ծանոթ լինելով ֆինանսական պատճառներով Բերիո թեմի ներսում տիրող իրավիճակի հետևանքով ազգային վարժարաններին սպառնացող վտանգին, Վեհափառ Հայրապետը Բերիո թեմի Առաջնորդ Սրբազանին և թեմի ազգային իշխանությանը հայտնել է, թե պետք է հրահանգեն հայկական թեմերի Առաջնորդ Սրբազաններին, որ աշխատանք տանեն, հատկապես, նախկին սիրիահայերին նյութական աջակցությունն ապահովելու հարցում:
Սիրիայի հայության հոգևոր թե համայնքային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին վստահեցրել են, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի: Փաստորեն՝ մի քանի ընտանիքներ են մեկնել Հայաստան՝ իրենց ամառային արձակուրդն այնտեղ անցնելու և որոշներն էլ իրենց զավակներին ուղարկել են Լիբանան՝ համալսարանական ուսման նպատակով:
Վեհափառ Հայրապետը և Ազգային Կենտրոնական Վարչությունը շարունակում են հետևել Սիրիայում տիրող իրավիճակին և միշտ պատրաստ են իրենց զորակցությունն ու հոգածությունը գործնականապես արտահայտելու համար: