«Այնպես չէ, որ գնդակ է գալիս, ես պետք է կրծքով վերցնեմ. Ես ասում եմ՝ դա ինձ չի վերաբերում…». Դավիթ Սանասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Պարոն վարչապետի գործելաոճն իմանալով՝ ես վստահ եմ, էդ հայտարարությունից առաջ կոնկրետ պետական պաշտոնյաների հետ խոսել է: Ես համաձայն եմ, որ էդպես պետք է չլինի, և կարող եմ ասել, որ վարչապետի հետ մեր բոլոր հանդիպումների ընթացքում նման օրակարգ չի եղել: Այնպես չէ, որ գնդակ է գալիս, ես պետք է կրծքով վերցնեմ։ Ես ասում եմ՝ դա ինձ չի վերաբերում, որովհետև ես այդպես չեմ անում։ Ես տարակուսած եմ, որ կան լրատվամիջոցներ, որ միանգամից ենթադրեցին, որ դա վերաբերում է ինձ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե արդյո՞ք վարչապետը ձեզ նկատի ուներ, երբ ասաց, որ որոշ պաշտոնյաներ Ֆեյսբուքում գրառումներ են անում, հետո գնում են ստուգումներ անելու, ինչն անընդունելի է։
Նա խոստովանեց՝ ակտիվիստի դերից դուրս գալը դժվար է եղել. «Սկզբից ես էլ եմ ինձ էդպես պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա»։
Սանասարյանը վստահեցրեց, որ ինքն արդեն համակերպվել է պաշտոնյայի կարգավիճակի հետ։