Բաժիններ՝

Լեռնավանի դպրոցի տնօրենը խուսափում է նամակ ստանալուց և խաթարում ՀՔԱՎ փաստաբանի աշխատանքը

Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանը ամիսներ շարունակ հրաժարվում է ստանալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի փաստաբանական հարցումները: 2018թ. նոյեմբերին նրան ուղղված երկու գրություններն էլ հետ են վերադարձվել «Չի պահանջվել» նշումով:

Ա. Զալյանը դպրոցի երկու աշխատակիցների աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով դպրոցի տնօրեն Պ. Վարդանյանին էր դիմել իր վստահորդների վերաբերյալ փաստաթղթեր ստանալու նպատակով:

Առաջին երկու դեպքում գրությունը հետ վերադարձնելուց հետո Ա. Զալյանը դիմել էր «Հայփոստ» ՓԲԸ՝ պարզելու համար արդյոք «Հայփոստի» աշխատակիցը պատշաճ է կատարել իր պարտականությունները, թե՝ ոչ:

«Հայփոստ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը հայտնել է, որ ժամկետից շուտ նամակը վերադարձնելու համար աշխատակիցը կենթարկվի կարգապահական տույժի: Չնայած դրան՝ 2019թ. հունվարի 8-ին դպրոցի տնօրենին ուղղված նույնաբովանդակ գրությունը ևս նույն ձևով հետ է վերադարձվել:

Սրանով Պ. Վարդանյանը ոչ միայն դրսևորում է հանրակրթական դպրոցի տնօրենին ոչ հարիր պահվածք, այլև խաթարում է փաստաբանի աշխատանքը:

Դպրոցի տնօրենի անգործությունը վերացնելու և նրան պատասխանատվության ենթարկելու հարցով Ա. Զալյանը 2019թ. հունվարի 18-ին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս