Հնդկաստանը Քաշմիրի ահաբեկչությունից հետո Պակիստանին կզրկի առևտրական արտոնություններից
Հնդկաստանի իշխանությունները Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկի առեւտրական բոլոր արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին: Ներկայում Պակիստանը Հնդկաստանի հետ առեւտրում ունի առավելագույն բարենպաստման ռեժիմով» երկրի կարգավիճակ:
Դա նրան տրամադրում է մաքսային արտոնություններ, ինչպես նաեւ առավելություններ ներքին հարկերի եւ արտադրական գանձումների, ներմուծվող ապրանքների մշակման ու շրջանառման առումով:
«Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,-Ջեյթլիի խոսքն իր կայքում մեջբերում է The Times of India թերթը: Նախարարը նաեւ հավելել է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանը, որի պատասխանատվությունն ստանձնել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը` «Ջաիշ-ե-Մուհամադ»-ը («Մուհամադի բանակ»), անվիճելի է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: