Բաժիններ՝

Էմանուել Մակրոնի` Հայաստան պետական այցի ժամկետները դեռ հստակ չեն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը դեռ չի շտապում տեղեկություններ հաղորդել նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետների մասին:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայաստան այցի ժամկետների վերաբերյալ առայժմ հստակեցումներ չկան: Էմանուել Մակրոնն իր այցի մասին հայտնել է փետրվարի սկզբին Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԳՆ-ից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ նման կարգի այցերի ժամկետների համաձայնեցման դեպքում երկու կողմերի գերատեսչությունները համակարգված ձևով տեղեկացնում են: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին, որին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ օրն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Փետրվարի 14-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս