Արտակ Բեգլարյանը մասնակցել է լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը
Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում Ա. Բեգլարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող նշյալ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ հաջողությունների ու խնդիրների՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ապահովելու բարենպաստ պայմաններ հասարակության տվյալ խմբի իրավահավասար կենսագործունեության համար: Նա շեշտադրել է, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության, հաղորդակցության, մասնակցայնության և մի շարք այլ իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել հետևողականորեն ուշադիր լինել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրների նկատմամբ և նպաստել դրանց համակարգային լուծմանը: