Սիլվա Համբարձումյանն ու Արամ Հարությունյանի գործով հիմնական վկան առերեսվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Արաքս Դիլանյանը վերջերս առերեսվել են: Ինչպես հայտնի է, իրավապահները ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել կաշառքի գործով:
Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ` իրենց տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին:
Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով»:
Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը օրեր առաջ առերեսման է հրավիրել գործարար Սիլվա Համբարձումյանին եւ Արաքս Դիլանյանին: Արաքս Դիլանյանը առերեսման ժամանակ էլ հաստատել է, որ Համբարձումյանից գումար է ստացել փոխանցման եղանակով, սակայն նա ասել է, թե չի իմացել, որ դա կաշառք է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: