«Ես ոչ մի կերպ չեմ հասկանա, եթե ձեր խմբակցությունը դեմ քվեարկի այս կառավարության ծրագրին». Ռուբինյանը՝ Մարուքյանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նապագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով, որ տպավորություն ունի, որ դեմ են քվեարկելու ծրագրին:
«Ես հիշում եմ, որ դուք, լինելով ԱԺ պատգամավոր, մի քանի անգամ կողմ եք քվեարկել Հանրապետական կառավարությունների բերած ծրագրերին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի: Եվ ինձ համար՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես ԱԺ պատգամավոր, առնվազն տարակուսելի կլինի, եթե դուք՝ քվեարկած լինելով կառավարության ծրագրի բուտաֆորիայի օգտին, հեղափոխությունից հետո դեմ քվեարկեք քաղաքական ու հանրային տնտեսական կյանքի վերափոխմանն ուղղված կառավարության ծրագրին»,- ասաց Ռ.Ռուբինյանը:
Ըստ նրա՝ նախկին ծրագրերում չեն եղել թվեր, չի եղել հույս և դրանք իրականության հետ կապ չեն ունեցել. «Ես ոչ մի կերպ չեմ հասկանա, եթե ձեր խմբակցությունը դեմ քվեարկի այս կառավարության ծրագրին»:
Անդրադառնալով Մարուքյանի մեղադրանքին, որ մեծամասնությունը ձեռ է առնում ընդդիմությանը, Ռուբինյանը նշեց, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը և, եթե իրեն տեղեկացնեն, ինքը լիովին կաջակցի Մարուքյանին: