Երևանում ավտոբուսները գործադուլ են իրականացրել «Երևան ավտոբուս» ընկերության տնօրենի փոփոխության պատճառով
«Երեւան ավտոբուս» ընկերության մի քանի վարորդներ այսօր առավոտյան հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ , սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլիս խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին:
«Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործվող ավտոբուսներ կան: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի»,-գրել է նա:
Հակոբ Կարապետյանը նշել է, որ երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլոգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով:
«Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան իրենց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ: