Արծվիկ Մինասյանը ԿԳ նախարարին հրավիրում է հրապարակային բանավեճի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ ՀՅԴ-ն չպետք է կրթությունից խոսի, քանի որ ոլորտը վերից վար քանդել է, նշեց, որ այնպիսի տապավորություն կա, որ իշխանության եկած Կառավարության որոշ ներկայացուցիչներ ցանկացած քննադատության պատասխանում են շատ բուռն ու ջղաձգումներով, ինչն այդպես չէր մինչև նրանց իշխանության գալը։

«Եթե քննադատում են, նախ պետք է հասկանանք, թե իրենք ինչ են արել։ Եթե ասում են, որ կրթության ոլորտը քարուդանդ եղած է, այս 9 ամիսների ընթացքում իրենք մի քար քարի վրա դրե՞լ են։ Կարծում եմ՝ Կառավարության ներկայացուցիչները պետք է ականջալուր լինեն քննադատություններին և փորձեն իրենց սխալները դրանով ուղղել։ Կառավարության՝ ամեն ինչ փոխելու անզուսպ մոլուցքը մեզ լավ տեղ չի տանելու, կարող են ասել՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, բայց ոչ Նոր Հայաստան, Նոր Արցախ, ի՞նչ է նշանակում այս ամենը։ ՀՅԴ բոլոր ներկայացուցիչները, որոնք եղել են կառավարությունում, ամենապատրաստված ու պրոֆեսիոնալներն են եղել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանն էլ նույն հարցի հետ կապված՝ նշեց՝ որպես կառավարության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի հետ աշխատել է։

«Պարոն Հարությունյանը թող մի լավ բան անի, հետո նախկիններին անդրադառնա։ Կրթության մասին օրենքն առաջին անգամ ընդունվել է Լևոն Մկրտչյանի նախարար եղած ժամանակ։ Բացի այդ, 2016-18 թվականներին մի շարք ներդրումների արդյունքում այսօր ունենք էլեկտրոնային կրթության մոտեցումը, չինական դպրոցը, Բարձրագույն կրթության մասին օրենքը։ Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա բավարար ժամանակ, որպեսզի իր ծրագիրը լիարժեք ներկայացնի։

Լևոն Մկրտչյանը չորս անգամ նախարար է նշանակվել, սակայն չի պաշտոնավարել լիարժեք ժամկետով։ Եթե իրենք կարող են լավն անել՝ թող անեն։ Այսօր տեսնում ենք, որ Կառավարության ծրագրում կրթության ոլորտի վերաբերյալ չկա ազգային, հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ որևէ դրույթ։ Որքան էլ պարոն Հարությունյանի արտահայտությունը կոռեկտ չէ, այնուամենայնիվ նրան հրավիրում ենք հրապարակային բանավեճի, պատրաստ եմ նաև Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա, այն առաջարկները, որոնք անում են ներկայիս կառավարությանը, «չարության առաջարկներ» չեն, առաջարկներն ունեն միայն բարի նպատակներ, որպեսզի իշխանությունը չձախողի։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս