Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը սկսել է պատրաստվել հաջորդ համազգային հանրահավաքին

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ընդդիմության կողմից հունվարի 19-ին կազմակերպված հանրահավաքի արդյունքները եղել են սպասվածից ավելին, և ընդդիմությունը պատրաստվում է հաջորդ համազգային հանրահավաքին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հասանլիի փոխանցմամբ` հունվարի 19-ի հանրահավաքը եղել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից կազմակերպված 20-րդ հանրահավաքը, և այս հանրահավաքը նախորդների համեմատ եղել է ամենա մասսայականը:

«Հանրահավաքը չի նշանակում, որ բոլորը պետք է հրապարակում լինեն: Բնակչության ակտիվ հատվածի մասնակցությունն արդեն իսկ արտահայտում է բնակչության վճռականությունն ու կամքը: Հունվարի 19-ի հանրահավաքի արդյունավետությունն ավելի մեծ ստացվեց և իշխանությունները հասկացան, թե ինչ ճգնաժամի մեջ են գցել հասարակությանը»,-նշել է Հասանլին:

Հասանլին նշել է, որ այդ հանրահավաքը ցույց տվեց, որ քաղաքացիական հասարակությունն ամբողջովին ճնշված չէ:

«Իշխանությունները համոզված էին, որ արդեն ճնշել են քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը, և այն այլևս չի կարող հանդես գալ իշխանության դեմ, սակայն հանրահավաքը ցույց տվեց, որ այդպես չէ»,-հավելել է ընդդիմության առաջնորդը:

Հասանլին նշել է, որ խորհուրդը շարունակելու է հանրահավաքները, և իշխանությունները ստիպված են լինելու թույլատրել:

«Եթե իշխանությունները չթույլատրեն հանրահավաքները, կխախտեն հանրահավաքների ազատության մասին սահմանադրական օրենքը, ինչպես նաև միջազգային պարտավորությունները»,-եզրափակել է Հասանլին:

Ընդդիմադիր առաջնորդի խոսքով` հաջորդ հանրահավաքը նվիրված է լինելու խնդրահարույց վարկերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս