Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղևորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը կթողարկվի 2020 թ. օգոստոսին
Paramount Pictures կինոստուդիան փետրվարի 12-ին հայտարարել է, որ «Ուղեւորություն Ամերիկա» (1988 թ.) կատակերգության շարունակությունը՝ գլխավոր դերում դերասան Էդդի Մերֆիի մասնակցությամբ, մեծ էկրան կբարձրանա 2020 թվականի օգոստոսի 7-ին։
Ֆիլմում Մերֆին մարմնավորել է աֆրիկացի արքայազն Աքիմին, որն Ամերիկա էր փախել պայմանագրային ամուսնությունից եւ սպասավորի հետ բնակվում էր Քուինսի շրջանի հետնախորշերում: Շարունակության մեջ Աքիմն իմանում է, որ իր վաղուց կորած որդին ողջ է եւ վերադառնում է հայրենիք, որտեղ գահաժառանգության շուրջ սկսում են կրքեր բորբոքվել (մտացածին) Զամունդա թագավորությունում:
Նոր կինոնկարում որպես ռեժիսորներ եւ սցենարիստներ են հանդես գալու Քրեյգ Բրյուերը, որը հանդիսատեսներին ծանոթ է «Վահան» հեռուստասերիալից (2002-2008 թթ.), եւ Քենյա Բերիսը («Թոփ-մոդել ամերիկյան ձեւով» ռեալիթի-շոու):
Կինոստուդիան չի ճշտում սիքվելի դերասանական կազմը: Դատելով ըստ ամենայնի՝ Մերֆին մտադիր է նախագծում ներգրավել առաջին ֆիլմի դերասաններին: Վանեսա Բել Քելլոուեյը, որը կատակերգության մեջ խաղացել է հնարավոր հարսնացուի դերը, TMZ ռեսուրսին հայտարարել է դրա շարունակության մեջ նկարահանվելու համաձայնության մասին:
«Ուղեւորություն Ամերիկա» կինոնկարը, չնայած բավականին պարզունակ սյուժեին, սիրվել է կինոյի բազմաթիվ երկրպագուների կողմից: Ժապավենն «Օսկար» մրցանակի է անվանակարգվել լավագույն կոստյումների եւ գրիմի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: