Բաժիններ՝

Վարշավայում մեկնարկում է Մերձավոր Արևելքին նվիրված նախարարական հանդիպումը

Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը: Վարշավայի եւ Վաշինգտոնի համատեղ ջանքերով կազմակերպված միջազգային խորհրդաժողովին մասնակցությունը հավաստել է 60 երկիր։

Հանդիպումը պաշտոնապես մեկնարկում է չորեքշաբթի երեկոյան քաղաքի պատմական մասում գտնվող Թագավորական դղյակում տրվելիք հանդիսավոր ճաշկերույթով: Աշխատանքային բոլոր նիստերը կկայանան փետրվարի 14-ին:

Վարշավա են ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, մնացած երկրները ներկայացված կլինեն նախարարներով կամ նրանց տեղակալներով: Ինչպես հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը, խորհրդաժողովի գլխավոր նպատակը «ստեղծված իրադրությունը քննարկել ն է եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության ու անվտանգության հաստատումն սկսելը»:

Հիմնական թեմաների թվում նա նշել է տարածաշրջանային հակամարտությունները, հումանիտար խնդիրները, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, ահաբեկչությունը, հիբրիդային սպառնալիքները եւ էներգետիկական անվտանգությունը: Ինչպես տեղեկացրել են Լեհաստանի ԱԳ նախարարությունում, Վարշավա են մտադիր այցելել Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Լիտվայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարները: Մերձավորարեւելյան տարածաշրջանը կենրկայացնեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Եմենի, Քուվեյթի, Մարոկոյի, Օմանի եւ Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Հանդիպմանը ներկա չի լինելու Եվրամիության արտաքին գործերի ե անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա իր հրաժարվելը բացատրել է այլ միջոցառումներով զբաղված լինելու հանգամանքով: Ընդսմին, ինչպես հավաստիացրել են լեհ կազմակերպիչները, ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը ներկայացված կլինի խորհրդաժողովում: Խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվել են Իրանը եւ Պաղեստինը:

Թուրքիան, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ներկայացված կլինի Լեհաստանում երկրի դեպանի մակարդակով: Ավելի վաղ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցելու Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովին՝ դրան Իսրայելի մասնակցելու պատճառով: Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտմենտի պաշտոնյան ընդգծել է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում է հապճեպորեն, առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս