Օսկանյան. Արցախցիները կարողացան ջարդել կարծրատիպը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում կատարված գրառումով շնորհավորել է Արցախի նախագահական ընտրություններում հանդես եկած երեք հիմնական թեկնածուներից երկուսին` Բակո Սահակյանին և Վիտալի Բալասանյանին ու մատնանշել իր կարծիքով երկու հիմնական դրական տեղաշարժերը, որոնք արձանագրվեցին ընտրությունների արդյունքում: Ներկայացնում ենք այն ստորև.

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակի համար շնորհավորում եմ Բակո Սահակյանին: Շնորհավորում եմ Վիտալի Բալասանյանին ստացած ծանրակշիռ վստահության համար: Բնականաբար շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին:

Անկախ առկա թերություններից՝ այս ընտրություններում երկու դրական տեղաշարժ արձանագրվեց:

Նախ, ընտրարշավում ժողովուրդն ունեցավ այլընտրանքային թեկնածու, որն ի ցույց դրեց իշխանության թերությունները, ներկայացրեց այլընտրանքային ծրագիր, ինչին հասարակության զգալի հատվածը հավանություն տվեց: Սա նշանակում է, որ արցախցիները կարողացան ջարդել այն կարծրատիպը, որ իբր թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում՝ բարձրաձայնելով մեր իսկ խնդիրների մասին (այս կարծրատիպը կա նաև Հայաստանում):

Երկրորդ, Վիտալի Բալասանյանը թեև հայտարարել է, որ ընտրությունները «ազատ էին, բայց ոչ արդար», սակայն իր ստացած քվեները համարել է լավ արդյունք՝ քաղաքական նոր կառույցի ստեղծման համար:

Իրոք, Արցախում լուրջ ընդդիմության առկայությունը էապես կարող է նպաստել պետության զարգացմանը և նրա միջազգային ճանաչմանը: Ժամանակն է, որ մենք բոլորս Հայաստանում և Արցախում գիտակցենք, որ ժողովրդավարության ամրագրումը շատ ավելի է նպաստում մեր անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը, քան պատերազմի սպառնալիքի շահարկումը և այդ համատեքստում մարդու իավունքների և ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը:

Տեսանյութեր

Լրահոս