Կառավարությունը քննարկելու է դեղերի ներմուծման շուկայում նոր ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը
ՀՀ կառավարությունը լրջագույնս քննարկելու է Հայաստանում դեղերի ներմուծման շուկայում զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը, որը կարող է բերել նաև գների անկման: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիտարկմանը:
Գորգիսյանը նշեց, որ իր կարծիքով` ԵԱՏՄ մեր գործընկերները հայկական շուկայից դուրս են մղում մսամթերքը, գյուղմթերքը, դեղորայքը:
Փաշինյանը նշեց` կա տեսակետ, որ դեղերի շուկայում պետք է զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծվի, ինչը կբերի դեղերի շուկայում գների անկման: «Եվ դա բավականին կողմնակիցներ ունի: Այս փաստարկը մենք լրջորեն կքննարկենք: Եվ եթե պարզվի, որ դրա արդյունքում մեր սպառողների շահերը գնային և որակային առումով օգուտ են ստանում, մենք, հնարավոր է, որ գնանք այդպիսի քայլերի»,-ասաց վարչապետ:
Նա նշեց, որ թեև այսօր էլ կան զուգահեռ ներկրման մեխանիզմներ, դրանք բավականին դժվար են գործում: