Բաժիններ՝

«Ով ուզում է ներդրում անել, ուզում է հանդիպել կա՛մ ՀՀ վարչապետի, կա՛մ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ»

ՀՀ կառավարությունն աշխատում է հայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներդրումային ենթակառուցվածք լինի պոտենցիալ ներդրողների համար։ Այս մասին այսօր Աժ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ ֆենոմենը կա մեր երկրում, որ ով ուզում է ներդրում անել, ուզում է հանդիպել կա՛մ ՀՀ վարչապետի, կա՛մ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Մենք պետք է մի տեղ ստեղծենք, որ ասենք՝ այս գրասենյակը մեր ներկայացուցիչն է, որ իրենց հանդիպեցիք, համարեք հանդիպել եք և՛ վարչապետի, և՛ փոխվարչապետի, և՛ նախարարի հետ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած հարցով հիմնադրամը պետք է սպասարկի ներդրողին, ընդհուպ՝ անգամ դատական։

Անդրադառնալով 2018-ին ՀՀ-ում իրականացված ներդրումներին և դրանց տրվող ապոկալիպտիկ գնահատականներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ը մի ժամանակաշրջան է, երբ 4 անգամ ՀՀ վարչապետի ընտրություն է եղել, նախագահական ընտրություններ են եղել, ԱԺ է լուծարվել, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են եղել. «Ու էս ֆոնին գիգանտ հետևություններ է անում Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Կներեք, ինչքան էլ էդ գնահատականների հեղինակները տիտղոսներ ունենան, սա, կներեք, դիլետանտի բնորոշում ա»։

Ն. Փաշինյանը նկատեց, որ նման պայմաններում անգամ օտարերկրյա ներդրումների աճ է եղել։

«Հիմա մենք 2019 թվականից սկսել ենք մի նոր փուլ, և էդ նոր փուլն ունի իր նոր կանոնները,- ասաց վարչապետը՝ հավելելով,- Կտեսնենք՝ ինչ ցուցանիշներ կունենանք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս