Իտալիան պահանջեց նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում
Իտալիան պահանջում է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզին:
«Կառավարությունը գտնում է, որ նախագահական ընտրությունները, որոնք անցկացվել են անցյալ տարվա մայիսին, պետք է վավերացվեին կոռեկտության, օրինականության եւ հավասարության սկզբունքներով, ուստի չեն համապատասխանում ժողովրդավարական օրինականությանը:
Հետեւաբար կառավարությունը հաստատակամորեն պահանջում է ամենակարճ ժամկետներում նոր քվեարկություն անցկացնել: Դրանք պետք է լինեն թափանցիկ, ազատ եւ վստահություն ներշնչող ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն լիակատար ժողովրդավարության եւ արդարության պայմաններում՝ միջազգային հանրակցության բոլոր երաշխիքներով»,-հայտարարել է նախարարը՝ Վենեսուելայի իրադրության կապակցությամբ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում:
Ավելի վաղ Իտալիան ԵՄ-ի շրջանակներում չեզոք դիրք էր բռնել Վենեսուելայի հարցում՝ հանդես գալով վենեսուելական խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին հապճեպորեն պետության ժամանակավոր ղեկավար ճանաչելու դեմ:
Մոավերո Միլանեզիի խոսքով՝ Իտալիան դատապարտում է Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում կիրառվող բռնությունը եւ մարդու իրավունքների խախտումը եւ մտահոգություն է հայտնում երկրում ստեղծված հումանիտար իրադրության առնչությամբ, ինչի կապակցությամբ երկու միլիոն եվրոյի օգնություն է ուղարկել այնտեղ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: