«Ում մոտենում ասում ես, որ պետք է հարկ վճարես, զարմանում է. Ո՞նց, երգիչը պետք է հա՞րկ վճարի…». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր է համարում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունը:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում նշեց, որ օրենսգրքի փոփոխություններով պլանավորում են Հայաստանի տնտեսական համակարգում ներմուծել նոր հասկացություն: Այն է միկրոբիզնես, որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի մասին է: Նա տեղեկացրեց, որ այս կատեգորիայի ներքո կլինեն նաև անհատ տաքսու վարորդները: Ըստ նրա՝ սա կարևոր նորամուծություն է սոցիալական խնդիր լուծելու համար:

«Այն հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնես սկսելու հարցում: Ընդհանրապես, Հայաստանում աղքատության հաղթահարման մեթոդների վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ: Աղքատության հաղթահարում ասելով՝ շատ դեպքերում հասկացվում է նման ընտանիքներին սնունդ, հագուստ, այլ նյութական պարագաներ մատակարարելը: Դա արվում է առանց պատասխանելու այն հարցին, թե ինչ է լինելու մեկ տարի հետո: Եթե խնդիրը արմատապես չլուծվի, ապա նման մոտեցումը ծառայելու է կոռուպցիային: Հետևաբար պետք է մարդկանց օգնել, որ գործ սկսեն, իրենց գործունեությունն ընդլայնեն: Աղքատության հաղթահարման մեր պատկերացումը աշխատանքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն: Դրա համար պետք է հարկային բարենպաստ պայմաններ ստեղծել, ընդլայնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, օգնել բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու հարցում:

Ինչպե՞ս է որոշվելու, թե բիզնեսի տարեկան շրջանառությունը որքան է կազմում, արդյո՞ք 24 մլն է, թե, ասենք, 80 մլն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր դերակատարություն են ունենալու հսկիչ դրամարկղային մեքենաները:

«Հարց է առաջանում՝ մեզ տրված հնարավորության պարագայում մենք ունենալո՞ւ ենք նոր միկրոբիզնեսներ, թե 100 մլն շրջանառություն ունեցող բիզնեսը մասնատվելու է՝ դառնալով 5 կամ վեց միկրո բիզնես: Այս խնդիրը կա: Գործարարի, սովորական քաղաքացու, պաշտոնյայի մոտ ՀԴՄ կտրոնը դառնալո՞ւ է մշակույթ, թե ոչ: Եթե նույն ձևով շարունակենք, ապա ոչինչ էլ չի ստացվելու, խեղճության մեջ շարունակելու ենք տապակվել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ պետք է հասարակության շրջանում հարկ վճարելու գործում մոտեցումը փոխվի: Բոլորը պետք է հասկանան, որ կենսաթոշակների բարձրացման, ճանապարհների վերանորոգման և այլ հարցերը կարգավորելու համար բյուջեում գումար է անհրաժեշտ: Դրան հասնելու համար յուրաքանչյուրը պետք է հարկ վճարի:

«Ում մոտենում ասում ես, որ պետք է հարկ վճարես, զարմանում է: Ո՞նց, երգիչը պետք է հա՞րկ վճարի, փաստաբանը պետք է հա՞րկ վճարի: Բա ինչպե՞ս եք ուզում խնդիրները լուծվեն: Մենք հրավիրում ենք, որ յուրաքանչյուրը մասնակցություն ունենա տնտեսական հեղափոխության գործում»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս