Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք է խլել
Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին: Մահերի մեծ մասի պատճառը եղել է այրման արգասիքներից թունավորվելը:
Հաղորդագրություններում նշվում է, որ հրդեհը բռնկել է տեղական ժամանակով մոտավորապես 4:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 11-ի 23:30-ին): Դրա դեմ պայքարելու է ուղարկվել 26 հրշեջ մեքենա:
Ներկայում փրկարարական գործողությունն ավարտված է: Հրշեջները շենքից տարհանել են 35 մարդու:
«Միջանցքներում փայտյա պանելներ էին, ինչի պատճառով մարդիկ չէին կարող միջանցքներն օգտագործել տարհանման համար»,- լրագրողներին ասել է հրշեջ Վիպին Կենտալը: Նա հավելել է, որ հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: