Գեղամ Հարությունյանը պատասխանել է բանակի վիճակի հետ կապված բաց նամակին
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին «Բանակում անարդարություններին՝ ոչ» «նախաձեռնության» անունից, որոնց թիրախում իմ անձն է՝ որպես պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Նշվում է, թե զորամասերից մեկում ստուգումներ իրականացնելու ընթացքում հասարակական խորհրդի հանձնախումբն իմ գլխավորությամբ պարզել է, որ զինվորներին անորակ սնունդ է հրամցվում, ինչի մասին ես լռել և չեմ զեկուցել պաշտպանության նախարարին:
«Նախաձեռնությունն» այդ «դրվագը» գնահատում է որպես հասարակական խորհրդի նախագահի հանցավոր անգործության և ապա՝ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու ապացույց: Զարգացնելով միտքը, վերջին հրապարակման մեջ նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության բոլոր կառույցներին կոչ է անում բոյկոտել հասարակական խորհրդի նոր կազմի ձևավորումը՝ հիմնավորելով այդ կոչը իմ անձի՝ այդ կառույցի ղեկավարը մնալու հավանականությամբ:
Այս ամենի իրական շարժառիթը նախաձեռնության ետևում կանգնած մարդկանց հավակնոտ նկրտումներն են պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նկատմամբ, որի հետ կապված, խորհրդի վերակազմավորման այս օրերին, նրանք կորցրել են բանականության և բարոյականության վերջին նշույլները:
Հնչեցվող կոչերի և մեղադրանքների հետ կապված հարկ եմ համարում նշել հետևյալը.
1. Հայտարարությունները, որոնք տարածվում են հիշյալ «նախաձեռնության» կողմից, փաստացի անստորագիր են, քանի որ որպես «նախաձեռնության անդամներ» ներկայացվող մարդիկ, նման անուն-ազգանուններով, ուղղակի գոյություն չունեն: Հայտարարությունները լրատվամիջոցներին ուղարկվում են ոչ թե ներկայացուցիչների միջոցով, այլ էլեկտրոնային տարբերակով և հայտնի չէ, թե ումից են ստացվել այդ հայտարարությունները: Կան ընդամենը էլեկտրոնային հասցեներ, որտեղից եկել են դրանք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ «բարդությունների» հետ է կապված ցանկացած քանակությամբ նման էլեկտրոնային հասցե բացելը՝ մնալով «անտեսանելի»:
2. «Նախաձեռնության» կողմից ներկայացվող դեպքը, թե իբր զորամասերից մեկում, մասնավորապես Մարտունի 2-ում, մեր հանձնախումբը սննդի հետ կապված ապօրինություն է հայտնաբերել և չի զեկուցել նախարարին՝ բացարձակ սուտ է: Հասարակական խորհուրդը, որը պարբերաբար ստուգայցեր է անցկացրել զորամասերում, ի թիվս այլ հարցերի՝ ուշադրություն է դարձրել նաև սննդի հարցերին: Մենք հանդիպել ենք նաև դեպքերի, երբ զինվորները լավ չեն օգտվել այս կամ այն ճաշատեսակից: Այդ դեպքերը մեր կողմից արձանագրվել և ներկայացվել են պաշտպանության նախարարին:
Բոլոր դեպքերում էլ հասարակական խորհրդի զեկուցագրերին նախարարի կողմից ընթացք է տրվել, ուսումնասիրվել և վերացվել են պատճառները, իսկ առանձին դեպքերում մեղավորները պատասխանատվության են ենթարկվել: Հետևաբար, ներկայացվող՝ գոյություն չունեցող պատմությունը մեկնաբանել որպես հասարակական խորհրդի նախագահի «կոռումպացվածության» ապացույց, պարզագույն հիմարություն է, առավել ևս՝ անիրական մարդկանց անունների ետևում թաքնվող անձանց պարագայում, երբ չկա նույնիսկ նրանց օրինական կարգով պատասխանատվության կանչելու և զրպարտության համար դատական հայց ներկայացնելու տարրական հնարավորություն, ինչը պատրաստվում եմ անհապաղ անել՝ «նախաձեռնության» իրական որևէ անդամի հայտնության դեպքում:
3. Հասարակական խորհուրդը, ինչպես միշտ, բաց է համագործակցության համար: Ցանկացած կազմակերպություն, որը առաջարկներ, հարցեր կամ պարզաբանումների կարիք կունենա, ազատ է դիմելու մեզ: Հետևաբար, եթե «Բանակում անարդարություններին՝ ոչ» «նախաձեռնությունն» իսկապես ցանկություն ուներ պարզել իր կողմից նշված «փաստը», կարող էր դիմել հասարակական խորհրդին կամ պաշտպանության նախարարությանը և ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնար: Դրա փոխարեն «նախաձեռնությունը» գնում է ստալինյան ժամանակներում ընդունված մեթոդաբանությամբ՝ անստորագիր նամակներ հրապարակելով և ենթադրելով, թե դրանք կարող են արդյունքի հանգեցնել և ստիպել կա՛մ պաշտպանության նախարարին միջոցներ ձեռնարկել հասարակական խորհրդի նախագահին փոխելու ուղղությամբ, կա՛մ ինձ՝ հրաժարվել պաշտոնից:
Այս մտածողությունն ուղղակի աբսուրդային է, քանի որ կեղծ «նախաձեռնությունների» զրպարտիչ հայտարարությունների հիման վրա որոշումներ ակնկալելն ուղղակի ցնորամտություն է:
Ամփոփելով, մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ «նախաձեռնության» մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև այն պահին, երբ ի հայտ կգա դրանք ներկայացնողներից գոնե մեկը, նույն պահին ես դատական հայց կներկայացնեմ՝ զրպարտության ու վիրավորանքի համար:
Եվ վերջում՝ կոչ եմ անում լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ կեղծ, գոյություն չունեցող անուն-ազգանուններով մարդկանց անունից նախաձեռնված ցանկացած տիպի մեքենայությունների և սև քարոզչության մասնակից լինելուց:
Հարգանքով՝ Գեղամ Հարությունյան
ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական